Եթե կա ցանկություն՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու, ապա պետք է ուղիղ բանակցություններով խնդիրներ լուծել Ադրբեջանի հետ՝ սկսելով փոխվստահությունից. Սամվել Բաբայան
 |artsakhpress.am|
10:30 - 22 փետրվարի, 2023

Եթե կա ցանկություն՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու, ապա պետք է ուղիղ բանակցություններով խնդիրներ լուծել Ադրբեջանի հետ՝ սկսելով փոխվստահությունից. Սամվել Բաբայան |artsakhpress.am|

artsakhpress.am: Նրանք, ովքեր գիտեն քարտեզը, հասկանում են, որ ցանկացած մեկը, որ կցանկանա մտնել Արցախ, 100 ճանապարհ կա Արցախ գալու և գնալու։ Այս մասին ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք իր՝ դեկտեմբերի 12-ից հետո Արցախ գալը չի ապացուցում ադրբեջանական կողմի պնդումը, թե «Արցախը շրջափակման մեջ չէ»։

Բաբայանի խոսքով՝ երբ ասում ենք շրջափակում, նկատի ունենք, որ փակ է մշտական ճանապարհը․ «Հարցը այն չէ, որ եթե մենք գյուղական ճանապարհներով կարող ենք մտնել Արցախ, շրջափակում չկա։ Եվ երկրորրդ․ եթե մարդ արարածին պետք է լինում մի բան, իր համար խոչընդոտ չկա։ Այսինքն՝ ցանկացած վիճակում ելք կա»։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին ու Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների թեմային, Բաբայանը հայտարարեց, որ պետք է հասկանալ, թե Ադրբեջանն իրոք ցանկանում է հաշտվել, թե ոչ։

Բաբայանի համոզմամբ՝ եթե կա ցանկություն երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, ապա ուղիղ բանակցություններով պետք է խնդիրներ լուծել Ադրբեջանի հետ՝ փոխվստահության առկայության դեպքում:

«Ադրբեջանը Հադրութի քաղաքացուն հանում է իր տնից, ավտոմատով կանգնում ու ասում եկեք հաշտվենք։ Եթե նրանք համարում են, որ պիտի հաշտվեք, ապա պետք է փոխվստահության մթնոլորտը ստեղծենք։ Առաջինը հասկանանք, թե մեր դիմացինն ինչ է ուզում, հասկանանք պահվածքը: Այդ փաթեթը պետք է ստեղծել։ Ադրբեջանը վերջին երկու տարում հայտարարություններ է տարածում իր արտգործնախարարի, պաշտպանության նախարարի շուրթերով, որ ձևավորել են հինգ կետ, որից բխող պատասխանները կան: Պետք է մեր հասարակության լայն խավերի, քաղաքական գործիչների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, անհատների հետ քննարկենք, հղկենք մի փաստաթուղթ, իսկ դրանով ով է բանակցելու, հետաքրքիր չէ»,- նշեց Սամվել Բաբայանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանը կցանկանա բանակցել, նա համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանն ուզում է Ռուսաստանին դուրս բերել այս տարածաշրջանից, ուստի ցանկանալու է բանակցել Արցախի հետ:
 
«Պետք է բանակցի, քո դրած հարցերը մաքսիմում, ինչքանով հնարավոր է լուծի, որովհետև, եթե ինքը դրան չի գնում, ժամանակ է ձգում, սառեցնում է այս կոնֆլիկտը մի նոր ձևով, ապա գալու է մի պահ, որ Ռուսաստանը իր ուժը հավաքած կլինի, իսկ Ադրբեջանը կարող է նորից վասալի դեր ընդունել։ Ես գտնում եմ որ Ադրբեջանը դա չի ուզում»,- ընդգծեց Բաբայանը:

Ըստ Բաբայանի, բանակցությունների առաջին փուլը պետք է ուղղված լինի փոխվստահության ստեղծմանը:

«Եթե նա զենքը պահում և մեզ ասում է զենքդ ցած դիր, իհարկե, չեմ դնելու։ Հավատանք, որ երկուսս էլ ուզում ենք լուծել խնդիրը, նոր անցնենք Ղարաբաղի կարգավիճակին։ Առաջինը չանելով երկրորդին չես հասնելու։ Մենք 30 տարի բանակցել ենք՝ առաջինը չանելով, որ երկրորդը լուծենք, բայց չենք լուծել։ Բանակցելու տեսանկյունից կարող են թիմ կազմել և այդ փաստաթուղթը հղկվի և վերցնեն գնան բանակցությունների, որի շրջանակից իրավունք չունեն դուրս գալու։ Եթե իրենց հայտարարությունները ճիշտ են, որ ուզում են խաղաղություն, ապա մեզ հետ հարցերը պիտի լուծեն։ Մենք էլ ենք պատրաստ, չենք խուսափում դրանից», - շեշտեց Սամվել Բաբայանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել