Միայն քաղաքական այլ ատյաններում հարցը արծարծելու միջոցով ՄԱԿ-ի դատարանը կգործադրի իր քաղաքական ուժը. Սահակյան
 |news.am|
14:08 - 23 փետրվարի, 2023

Միայն քաղաքական այլ ատյաններում հարցը արծարծելու միջոցով ՄԱԿ-ի դատարանը կգործադրի իր քաղաքական ուժը. Սահակյան |news.am|

news.am: Հաագայում տեղակայված Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված դատական ակտերը կատարման գործընթացում կարող են որոշակի խորչընդոտներ ունենալ, որովհետեւ անմիջական կատարողական գործիքակազմ չկա, սակայն կարեւոր է ունենալ իրավաբանորեն պարտադիր ակտ, որն արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ոչ իրավաչափ եւ միջազգային իրավունքը խախտող գործողություն է: Այս մասին ասաց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար։  

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ դատարանի ակտով կարեւոր արձանագրում էր այն, որ այդ գործողությունները վերագրվում են Ադրբեջանին, եւ, որ նա պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար:

«Այս իրավական ակտի գոյությունը թույլ կտա ավելի արդյունավետ դիվանագիտություն իրականացնել: Սա լուրջ գործիքակազմ է լեգիտիմացնելու նաեւ Ադրբեջանի նկատմամբ քաղաքական ճնշումը, որպեսզի օր առաջ ապաշրջափակում տեղի ունենա»,- նշեց Սահակյանը:

Նրա խոսքով՝ միակ խնդիրն այն է, որ դատարանը չունի կենտրոնացված կատարման մեխանիզմ եւ միայն քաղաքական այլ ատյաններում հարցը արծարծելու միջոցով դատարանը պետք է գործադրի իր քաղաքական ուժը՝ որոշման պահանջները կատարելու նպատակով.

«Իրավական ակտի ընդունմանը պետք է հաջորդի դիվանագիտական եւ քաղաքական աշխատանք: Այսինքն՝ այս առումով կարելի է ասել, որ իրավունքը արցախահայության կողքին է, իսկ թե որքանով արդյունավետ հայ դիվանգետները կօգտվեն դատարանի տված հնարավորությունից եւ քաղաքականության մեջ կբերեն փոփոխություններ, սա կապված է նրանց ջանասիրության, իրական միտումների եւ կարողության հետ»:

Հարցին՝ եթե Ադրբեջանը հրաժարվի բացել ճանապարհը, ի՞նչ գործիքակազմ ունի դատարանը, Սահակյանն ասաց.

«Դատական ակտի պահանջների կատարման առնչությամբ տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է գործում, եւ եթե դատարանը տեսնում է, որ դրանք չեն կատարվում եւ որոշակի միտում գոյություն ունի, ապա դրա մասին տեղյակ է պահում ՄԱԿ-ի այլ մարմինների՝ գործադիր իշխանություն իրացնող: Այդ մարմիններն էլ ընդունվող բանաձեւերի միջոցով պետք է պարտադրեն հասցեատեր պետությանը՝ կատարել դատական ակտի պահանջները: Նման օղակներ կարող են դառնալ ինչպես Գլխավոր ասամբլեան, այնպես էլ Անվտանգության խորհուրդը՝ կախված իրավիճակի գնահատումից եւ չկատարման պատճառներից»:

Անդրադառնալով Արցախի գազամատակարարումը եւ էներգամատակարարումը վերականգնելու վերաբերյալ Հայաստանի պահանջը չբավարարելուն՝ Սահակյանն ասաց, որ հիմնավորումն այն է, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել առ այն, որ Ադրբեջանն է դրանք խափանել.

«Կարծում եմ՝ ապացույցների հարց գոյություն ուներ, բայց մյուս կողմից դատարանը պետք է նաեւ հաշվի առներ այն հանգամանքը, որ հիմնական ապացույցները գտնվում են հենց Ադրբեջանի բացառիկ իրավասության ներքո. այսինքն՝ որեւէ այլ կողմ, բացի Ադրբեջանից, չի կարող հասանելիություն ունենալ այդ ապացույցներին: Այստեղ գուցե ապացուցման բեռի շրջման կանոն պետք է կիրառվեր: Ես միտումներ տեսնում եմ, որ այդ մասով Ադրբեջանը չարաշահումներ է անելու, որ անգամ միջանցքը բացելու պարագայում, նրանք կարող են կարող են զրկել բնակչության կենսական նշանակություն ունեցող ծառայություններից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել