Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պահանջում է անհապաղ գործողություններ. ԵԽԽՎ համազեկուցողներ |azatutyun.am|
12:52 - 25 փետրվարի, 2023

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պահանջում է անհապաղ գործողություններ. ԵԽԽՎ համազեկուցողներ |azatutyun.am|

azatutyun.am: «Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պահանջում է անհապաղ գործողություններ»,- ընդգծել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատելու նպատակով փետրվարի 17-19-ը Հայաստան այցելած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայաստանյան մոնիթորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) երեկ տարածած հայտարարության մեջ:

«Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն կարող ազատորեն դուրս գալ տարածաշրջանից։ Միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և ռուս խաղաղապահների մեքենաներին է թույլատրվում երթևեկել այդ միջանցքով, ինչը ակնհայտորեն անբավարար է բնակչության կարիքները բավարարելու համար։ Ավելին՝ կենսականորեն կարևոր է, որ ապրանքները կարողանան ժամանակին հասցվել ցանքի սեզոնին»,- ասված է հայտարարությունում:

Համազեկուցողները, վկայակոչելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ընդգծում են՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների ազատ երթևեկությունը պետք է շտապ վերականգնվի:

Անդրադառնալով գազամատակարարման և էլեկտրամատակարարման խափանումներին՝ ԵԽԽՎ համազեկուցողները նշել են, որ դա հանգեցրել են բնակիչների իրավունքների ոտնահարման. «Շատ մարդիկ արդեն կորցրել են իրենց աշխատանքը, իսկ երեխաները զրկվել են կրթությունից, քանի որ դպրոցները ստիպված են եղել փակվել»:

Նրանք հիշեցրել են 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի հարցով համազեկուցողների հետ իրենց համատեղ հայտարարությունը, որը կոչ էր անում վերականգնելու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, ինչպես նաև ՄԻԵԴ-ի 2022թ․ դեկտեմբերի 21-ի որոշումը, որը Ադրբեջանին պարտավորեցնում է ապահովել ծանր հիվանդների տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ ընդգծելով նաև, որ ի գիտություն են ընդունում Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը, որում ասվում է, որ «Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար»:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ համազեկուցողները կոչ են արել երկու կողմերին առաջ մղելու սահմանների սահմանազատման շուրջ քննարկումները և պայմանավորվելու սահմանից զորքերի հայելային դուրսբերման շուրջ՝ որպես վստահության ամրապնդման անհապաղ քայլի:

Նրանք նաև ողջունել են սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը` նշելով նախորդ առաքելության զգալի ազդեցությունը լարվածության նվազման գործում:

Այցի ընթացքում համազեկուցողները եղել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներում, ինչպես նաև Լաչինի միջանցքի մուտքում՝ հայկական կողմից։ Նրանք հանդիպել են տեղի պաշտոնյաներին և Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Գորիսում մնացած Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել