«Փեթակ»-ի հարևանությամբ մետրոյի ևս մեկ կայարան կառուցելու հարց է քննարկվել. Ավինյան
 |armenpress.am|
11:54 - 02 մարտի, 2023

«Փեթակ»-ի հարևանությամբ մետրոյի ևս մեկ կայարան կառուցելու հարց է քննարկվել. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Երևանում մետրոյի Աջափնյակի նախատեսվող կառուցումից զատ քննարկվել է նաև «Փեթակ» առևտրի կենտրոնին մոտ գտնվող տարածքում նոր կայարան կառուցելու հարց: Այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության  նիստում՝ Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքների համար գումար հատկացնելու հարցի քննարկման շրջանակում:

«Միայն այս կայարանով չենք ուզում սահմանափակվել, քննարկել ենք նաև «Փեթակ»-ի տարածքում գտնվող հատվածում ևս մեկ կայարան ստեղծելու հարցը: Աջափնյակի կայարանի կառուցումից հետո, ամենայն հավանականությամբ, մետրոն այդ նույն գծով շարունակվելու է: Երկու պոտենցիալ ուղղություններ կան՝ մեկը դեպի Դավթաշենի ուղղությունը, մյուսը՝ դեպի Աջափնյակ վարչական շրջանի խորքը: Քաղաքապետարանն առաջարկելու է մետրոյի շարունակական զարգացման ծրագիր, որ ամեն տարի ունենանք նոր կայարանների բացման ուղղությամբ կատարվող աշխատանքներ»,-ասաց փոխքաղաքապետը:

Ավինյանը սա համարեց ենթակառուցվածքներում ամենաարդյունավետ ներդրումներից մեկը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ Երևանի տրանսպորտային սխեման կհամապատսխանեցվի՞ այդ խարիսխին: Ավինյանը պատասխանեց, որ դա արդեն իսկ արվում է: Տրանսպորտային միասնական համակարգը հաշվի է առնելու մետրոյի կայարանները: «Միայն Աջափնյակի կայարանի շահագործմամբ՝ մետրոյում, մեր կանխատեսմամբ, ուղևորափոխադրումների քանակն աճելու է 22 տոկոսով: Մետրոն իր վրա է վերցնում էական բեռ՝ նվազեցնելով փողոցների ծանրաբեռնվածությունը»,-նշեց Ավինյանը:

Ապագայում, միգուցե նաև այս տարի, նախատեսվում է ունենալ ավտոբուսների առանձնացված գծեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել