Ադրբեջանական կողմի հետ հրատապ հումանիտար հարցերի քննարկման նպատակով Արցախում ստեղծվել է աշխատանքային խումբ
11:51 - 03 մարտի, 2023

Ադրբեջանական կողմի հետ հրատապ հումանիտար հարցերի քննարկման նպատակով Արցախում ստեղծվել է աշխատանքային խումբ

Ադրբեջանական կողմի հետ հրատապ հումանիտար հարցերի քննարկման նպատակով Արցախում ստեղծվել է աշխատանքային խումբ։ Այս մասին հաղորդում է Արցախի Անվտանգության խորհուրդը:

«Ի կատարումն Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2023 թվականի փետրվարի 28-ի նիստում կայացված որոշման՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ադրբեջանական կողմի հետ քննարկել հրատապ հումանիտար հարցեր։ 

Խմբի ղեկավարն է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները մարտի 1-ին ռուսական կողմի միջնորդությամբ հանդիպել են։ Հանդիպմանը քննարկվել է 4 օրակարգային հարցեր՝ Արցախի Հանրապետություն բնական գազի մատակարարման անխափանության ապահովումը և հետագա գազանջատումների բացառումը, Արցախի էլեկտրամատակարարման վերականգնման նպատակով ՀՀ-ից Արցախ մտնող միակ բարձրավոլտ գծի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող հատվածի զննման և «Արցախէներգո» ՓԲԸ մասնագետների կողմից վերականգնողական աշխատանքների իրականացման հնարավորության ապահովումը, Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի տարածքում ադրբեջանական մասնագիտական խմբի կողմից մեկանգամյա տեսողական շրջայցի կազմակերպումը, Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ամբողջական բացումը։

Նշենք նաև, որ ավելի վաղ եռակողմ ևս մեկ հանդիպում էր կայացել։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի աշխատանքը և գազամատակարարումը լիարժեք վերականգնելու վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել