Գերմանիայի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է. փոխնախարարն ավելի լայն համագործակցության հնարավորություն է տեսնում
 |armenpress.am|
12:30 - 03 մարտի, 2023

Գերմանիայի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է. փոխնախարարն ավելի լայն համագործակցության հնարավորություն է տեսնում |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի հետ Հայաստանի առևտշրջանառությունը նախորդ տարի զգալի աճ է գրանցել, աճել է ինչպես ներմուծումն, այնպես էլ արտահանումը: Հայաստանը նախորդ տարի նաև վերականգնել է իր տեղը Գերմանիայի միջազգային համագործակցության երկրների ցանկում, ինչի արդյունքում ավելի լայն համագործակցության հնարավորություններ են բացվում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ով Գերմանիայում է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում:

Փոխնախարարը նշեց, որ այցի օրակարգում կան տնտեսական հարցեր: «Վարչապետն իր խոսքում էլ որոշակի հղումներ կատարեց տնտեսական օրակարգին: Նշվեց «կանաչ ջրածնի» հնարավոր համագործակցության դաշտի մասին: Մեր կարծիքով՝ դա բավականին հեռանկարային է»,-ասաց փոխնախարարը:

Նա ընդգծեց՝ Գերմանիայի հետ առևտրաշրջանառությունը նախորդ տարվա ընթացքում բավականին աճ է գրանցել: Աճել է ինչպես ներմուծումը, այնպես էլ արտահանումը: Այդ պատկերն է նաև եվրոպական  մի շարք երկրներում:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ Հայաստանից Գերմանիա արտահանումը 2022 թվականին կազմել է 106 մլն 72.2 հազար դոլար, ինչը 2021-ի համեմատ աճել է 36.7 տոկոսով: Իսկ ներմուծումը նախորդ տարի կազմել է 457 մլն  46.3 հազար դոլար, ինչը 2021-ի համեմատ ավելի է 2.1 անգամ:

Փոխնախարարը նկատեց՝ այդ բավականին մեծ աճը եվրոպական կողմում որոշակի շրջանակներում անհանգստություն է առաջացրել՝ այն մտավախությամբ, թե արդյոք դրանք ինչ-որ ձև առնչվո՞ւմ են Ռուսաստանի նկատմամբ արևմտյան սանկցիաների շրջանցմանը:

«Կան մի շարք այլ պատճառաբանություններ, թե ինչու է առևտրաշրջանառութունը նման աճ գրանցել: Երբ աշխարհում մատակարարման որոշ շղթաներ փոխվում են, տրամաբանական է, որ տնտեսավարողները փորձում են գտնել նոր շղթաներ: Եվ Հայաստանն այդ մատակարարման շղթաների մեջ ունի իր դիրքը: Դա փորձում ենք լավագույնս օգտագործել՝ ամենևին չխաթարելով գոյություն ունեցող երկկողմանի պատժամիջոցների միջավայրը: Մենք աչալուրջ հետևում ենք բոլոր գործարքներին և հետևողական ենք, որ բոլոր տեսակի օրենսդրական պահանջները պահպանենք»,-վստահեցրեց փոխնախարարը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը որոշ ժամանակ  դուրս էր մնացել Գերմանիայի միջազգային համագործակցության երկրների ցանկից: Սակայն անցյալ տարի հաջողվել է վերականգնվել:

«Եվ մենք այսուհետ նույնպես կլինենք Գերմանիայի երկկողմ համագործակցության երկրների ցանկում: Սա նշանակում է, որ բավականին հետաքրքիր հնարավորություններ են բացվում՝ ավելի լայն համագործակցության, ավելի խոշոր ֆինանսական ծրագրեր կարող են ներգրավվել Հայաստանում: Այս առումով աշխատանքները շարունակվում են»,-ասաց Ռաֆայել Գևորգյանը:

Երկու երկրները տարբեր ոլորտներում ունեն  բավականին հագեցած օրակարգ: Անդրադառնալով տնտեսականին՝ փոխնախարարն  ասաց, որ փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումից սկսած մինչև խոշոր արդյունաբերական ներդրումներ տեղ են գտել այդ օրակարգում: «Կարծում եմ՝ հենց այդ ուղղությամբ էլ համագործակցությունը պետք է շարունակել: Կարծում ենք, որ այն պայմանագրային ու իրավական դաշտը, որ այսօր գոյություն ունի Հայաստանի և Գերմանիայի միջև, թույլ են տալիս խոսել խոշոր ներդրումային ծրագրերի մասին, և այդ ուղղությամբ առաջիկայում ակտիվ աշխատանք ենք տանելու»,-նշեց Գևորգյանը:

Նա հնարավոր համարեց Հայաստանի ու Գերմանիայի միջև առաջիկայում վերամշակման ոլորտում որոշակի համագործակցություն սկսելը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել