ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
17:10 - 07 մարտի, 2023

ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի ունեցավ նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը, սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Վահրամ Ալեքսանյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ և այլք: Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյուններով։

Արարողության ընթացքում անցկացվեց հանդիսավոր շքերթ, և նորակոչիկները կատարեցին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգը: Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի ունեցավ խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երդման հանդիսավոր արարողությունը:

Նորակոչիկներն ընթերցեցին զինվորական երդման տեքստը, հրամանատարների և ծնողների առաջ երդվեցին անմնացորդ նվիրումով, հպարտությամբ և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով​ պաշտպանել երկրի սահմանները, անվերապահորեն կատարել վերադասի հրամանները` հավաստիացնելով, որ ամեն ինչ անելու են պետական սահմանի անվտանգությունն ապահովելու համար:

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորելով նորակոչիկ զինծառայողներին, նրանց մաղթեց խաղաղ և անվտանգ ծառայություն.

«Շնորհավորում եմ Ձեզ այս առանձնահատուկ նշանակություն և խորհուրդ ունեցող օրվա կապակցությամբ, ցանկանում եմ առողջություն, ամուր կամք, անամպ երկինք, բարի ծառայություն և բարի վերադարձ ձեր օջախներ»։

Հանդիսավոր արարողության ավարտին Սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողները ցուցադրեցին հատուկ մարտավարական և ձեռնամարտի հնարքներ, իսկ կինոլոգիական կենտրոնը՝ ծառայողական շներով վարժաձևեր՝ պայթուցիկ սարքի հայտնաբերում, փախուստի դիմած սահմանախախտի վնասազերծում և ձերբակալում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել