«Լեռնային Ղարաբաղը պետք է լինի խաղաղ գործընթացի մի մասը». Լուիս Բոնո
 |azatutyun.am|
15:55 - 08 մարտի, 2023

«Լեռնային Ղարաբաղը պետք է լինի խաղաղ գործընթացի մի մասը». Լուիս Բոնո |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվում հանդիպումներից հետո երեքշաբթի օրը Երևան ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն: Երկու մայրաքաղաքներում ամերիկացի դիվանագետի հանդիպումների նպատակը, ինչպես շեշտում են ԱՄՆ դեսպանատնից, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելն է։

Լուիս Բոնոն Երևանում հարցազրույց է տվել «Ազատության» հայկական ծառայությանը.

«Ազատություն». - Վերջին մի քանի ամիսներին Երևանը պնդում է, որ ամենակարևոր խնդիրն է՝ հասցեագրել Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները։ Արդյո՞ք դա ապահովելու համար Վաշինգտոնը դիտարկում է նման մեխանիզմի գործարկումը։ Եթե այո, ապա որո՞նք են հնարավոր տարբերակները:

Լուիս Բոնո. - Կարծում ենք, որ սա շատ կարևոր է: Ես դա չեմ ժխտում: Կայուն, երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար այն պետք է ներառի Լեռնային Ղարաբաղը: Եվ մենք հանձնառու ենք դա ավարտին հասցնել: Մենք գիտակցում ենք դրա կարևորությունը:

«Ազատություն». - Բայց կարո՞ղ եք նշել որևէ մեխանիզմ:

Լուիս Բոնո. - Ես հիմա լիազորված չեմ քննարկելու մեխանիզմը: Ես նոր եմ այս պաշտոնում, ընդամենը մի քանի շաբաթ: Սա իմ առաջին ուղևորությունն է տարածաշրջան: Եվ ես ներգրավված եմ Մյունխենից հետո կողմերի հետ իմ առաջին բանակցություններին։

«Ազատություն». - Եվ երբ ասում եք, որ Ղարաբաղի խնդիրը կարտացոլվի խաղաղության պայմանագրում, հետաքրքրիր է՝ Վաշինգտոնը կամ կողմերը՝ Երևանը և Բաքուն, ի՞նչ պատկերացում ունեն, դա ինչպե՞ս է տեղի ունենալու:

Լուիս Բոնո. - Նախևառաջ Լեռնային Ղարաբաղը կլինի խաղաղ գործընթացի մի մասը: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ դա ճանաչել են: Բայց, ինչպես ես արդեն ասացի, մենք այստեղ չենք որևէ համաձայնագրի կամ պայմանավորվածության շուրջ պայմաններ պարտադրելու համար: Կարևոր է, որ կողմերն իրենք համաձայնության գան: Իսկ մենք կաշխատենք երկու կողմերի հետ: Նախագահ Ալիևը Մյունխենում ասել է, որ ինչ-որ մեկին կնշանակի, որը կգործակցի Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Կարծում եմ՝ դա արդեն տեղի է ունեցել անցած շաբաթ: Եվ ինձ հետ զրույցի ընթացքում նա նշեց, որ պատրաստ է շարունակել այդ քննարկումները: Այնպես որ, մենք լավատես ենք, որ կարող ենք կողմերի հետ աշխատել այդ ուղղությամբ: Բայց դա հեշտ չի լինելու: Այն բոլոր կողմերից կպահանջի շատ ծանր աշխատանք և հանձնառություն։

«Ազատություն». - Ռուսաստանն անընդհատ քննադատում է Վաշինգտոնի և Եվրամիության ներգրավվածությունը՝ դա ընկալելով որպես տարածաշրջանում իր ներկայությունը մարգինալացնելու փորձ։ Այս հարցում Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորություն տեսնու՞մ եք։ Նաև հաշվի առնելով այն, որ Մինսկի խումբը փաստացի չի գործում։

Լուիս Բոնո. - Մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած և բոլոր կողմերի հետ, որոնք հետամուտ են առաջ տանելու այս գործընթացը: Իրականում ես շփվել եմ Մինսկի խմբի իմ ռուս գործընկերոջ հետ: Որևէ մեկնաբանություն չեմ անելու: Մենք այստեղ ենք ոչ թե կողմերին քննադատելու կամ աշխարհաքաղաքական որևէ այլ խնդրի անդրադառնալու համար, այլ ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին՝ գտնելու այս հակամարտության լուծումը: Մենք պետք է այս հակամարտությանը վերջ դնենք: Ահա թե ինչու եմ ես այստեղ:

«Ազատություն». - Պատրա՞ստ եք նաև հանդիպել ռուսաստանցի համանախագահ Խովաևի հետ:

Լուիս Բոնո. - Ես պատրաստ եմ հանդիպել ցանկացած մեկի հետ, ով պատրաստ է աշխատել ինձ հետ, Միացյալ Նահանգների հետ՝ այս գործընթացը առաջ տանելու գործում: Ինչպես ասացի, այս տարածաշրջանում մենք ավելի լայն օրակարգ չունենք: Դա միայն խաղաղությունը խթանելն է: Այս հակամարտությունը շատ երկար տևեց: Շատ մարդիկ են տուժել: Շատ մարդիկ են զոհվել: Այն պետք է ավարտվի:

«Ազատություն». - Վերադառնալով Լաչինի միջանցքին: Չնայած Միջազգային դատարանի որոշմանը և միջազգային բազմաթիվ կոչերին, այդ թվում՝ Վաշինգտոնից, Ադրբեջանը չի բացում Լաչինի միջանցքը: Դուք ի՞նչ գործուն լուծում եք տեսնում:

Լուիս Բոնո. - Մենք դա շեշտել ենք: Պետքարտուղար Բլինքենը Մյունխենում երկու կողմերի հետ հանդիպմանը պարզ ասաց, ու կարծում եմ՝ նա նաև հրապարակային է հայտարարել, որ Լաչինի միջանցքը պետք է լինի բաց ու ազատ առևտրային և մասնավոր տրանսպորտի համար:

«Ազատություն». - Ցավոք, կոչերը չեն աշխատում:

Լուիս Բոնո. - Մենք կշարունակենք առաջ տանել այս հարցը:

«Ազատություն». - Գուցե պատժամիջոցնե՞ր Բաքվի նկատմամբ։

Լուիս Բոնո. - Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ: Ես այստեղ եմ՝ երկու կողմերի հետ աշխատելու, նրանց խաղաղության տանելու համար: Պատժամիջոցները հակառակ արդյունքը կտան: Սա նույնիսկ չի էլ քննարկվում այս պահին:

«Ազատություն». - Երևանում և Բաքվում հանդիպումների արդյունքներով ի՞նչ ուղերձ եք տանում Վաշինգտոն։​

Լուիս Բոնո. - Վաշինգտոնում կհայտնեմ, որ այստեղ կան հեռանկարներ խաղաղության համար: Բայց դա հեշտ չի լինելու: Դա երկու կողմից էլ հանձնառություն կպահանջի: Դրա համար պետք է լինելու փոխվստահություն, կողմերը պետք է վստահություն ձեռք բերեն միմյանց նկատմամբ, վստահեն, որ պարտավորությունները կկատարվեն, վստահեն, որ մյուս կողմն էլ հավատարիմ է խաղաղությանը: Սա այն է, ինչի ուղղությամբ մենք աշխատում ենք: Դա հեշտ գործընթաց չի լինելու: Բայց ես վստահ եմ: Հակառակ դեպքում ես այստեղ չէի լինի:

«Ազատություն». - Բայց Դուք կարո՞ղ եք նշել, որ կողմերն ուզում են խաղաղություն:

Լուիս Բոնո. - Այո՛։

«Ազատություն». - Կրկին շնորհակալ եմ:

Լուիս Բոնո. - Շնորհակալություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել