Ժաննա Անդրեասյանը մեկնաբանեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակելու հարցը |armtimes.com|
14:02 - 16 մարտի, 2023

Ժաննա Անդրեասյանը մեկնաբանեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակելու հարցը |armtimes.com|

armtimes.com: Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժանն Անդրեասյանը մեկնաբանեց ԿԳՄՍ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանին Երևանի Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակելու հարցը:

«Բուհի նախկին ռեկտորի ընտրության արդյունքները վիճարկվում են դատական կարգով, ինչը նշանակում է, որ Կառավարությունը վարվել է միակ հնարավոր ձևով։ Հիմնադրամների օրենքի համաձայն՝ ձևավորվել է ժամանակավոր եռյակ խորհուրդ, և հաջորդ գործընթացները ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասով նպատակ ունեն ապահովել բուհի բնականոն գործունեությունը։ Երեկ ես եղել եմ բուհում, պարզաբանել այն հարցերը, որոնք հնչել են, կարծում եմ՝ թեման սպառվել է»,- ասաց նա։

Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել էր Բրյուսովի hամալսարանի ժամանակավոր խորհրդի կազմը, որոնց թվում են՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը։ 

Իսկ երեկ հայտնի դարձավ, որ լեզվաբան, ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի խոսքով՝ այս նշանակումը հակասահմանադրական է, քանի որ Սահմանադրությամբ բուհերն ինքնավար են, ունեն ակադեմիական ազատություն։

Նա նաև անդրադարձավ ՀՀ-ում ՌԴ դպրոցներ բացելու հարցին․ «Համատեղ ծրագրի նպատակով պետք է ձևավորվի աշխատանքային խումբ։ Մենք ունենք հայ-չինական բարեկամության դպրոց, որտեղ ունեցել ենք ներդրումներ ենթակառուցվածքների մասով, և Չինաստանի կառավարությունը շարունակում է աջակցություն ցուցաբերել դպրոցին, Չինաստանից մասնագետներ են ուղարկվում։ Այն խնդիրը, որը այսօր դրված է օրակարգում, համատեղ ծրագրեր ունենալու մասին է։ Քննարկումներ են ընթանում, մենք փորձում ենք հասկանալ, թե դա ինչ կոնցեպտով է լինելու»:

Ըստ նրա՝ Ռուսաստանին առաջարկվել է ունենալ դպրոց հայ-չինական բարեկամության դպրոցի օրինակով, ինչպես նաև լուծել այն ՌԴ քաղաքացիների կրթության հարցը, որոնք վերջին շրջանում տեղափոխվել են Հայաստան և կրթության հավելյալ ապահովման հարց ունեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել