ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
18:49 - 16 մարտի, 2023

ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին

2023թ․ մարտի 11-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է նույն ուղեկալի սահմանապահ վերակարգում ծառայություն իրականացնող, պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով։

Ըստ ստացված հաղորդման՝ տվյալ պահին ուղեկալում և նրա մատույցներում այլ զինված զինծառայողներ չեն եղել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։

Իրականացվել են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ, մասնավորապես՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, զորամասից պահանջվել և ստացվել են անհրաժեշտ փաստաթղթեր, օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին։ Նաև նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, զինծառայողներ։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն զորամասի սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային այլ զինծառայող՝ Հ․Ա․-ն, ոչ կանոնակարգային հարաբերություններին բնորոշ դրսևորումներով Արտուշ Գևորգյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու միջոցով անզգուշությամբ վերջինիս հասցրել է ինքնասպանության։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հսկող դատախազն իր որոշմամբ պարտադիր ժամկետային զինծառայող Հ․Ա․-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում, և վարույթն իրականացնող մարմնի կողմից վերջինիս ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով։Մարտի 15-ին դատարան ներկայացնելու համար Հ․Ա․-ն ձերբակալվել է։

Մարտի 15-ին դատարան ներկայացնելու համար Հ․Ա․-ն ձերբակալվել է։

Միջնորդություն է հարուցվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` Հ․Ա․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։ Դատարանի՝ մարտի 16-ի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել