Գյումրու դեպոյի մեքենավարները դիմել են ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն |armtimes.com|

05:09 - 20 նոյեմբերի, 2019

armtimes.com: Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեքենավարներն այսօր գրություն են ուղարկել ՀՀ ԱԱԾ, դատախազություն եւ ոստիկանություն: ՀԿԵ ղեկավարությունը երեկ ՌԴ-ից տասը ռուս մեքենավարներ է բերել Գյումրի, որոնք անմիջապես, առանց փորձաշրջան անցնելու եւ տարածքին ծանոթանալու, ժամերի ընթացքում անցել են աշխատանքի հայերի փոխարեն: Մեքենավարները սովորականի նման եկել են աշխատանքի եւ անակնկալի եկել: Նրանց գնացքները վարելու թույլտվություն չի տրվել:

«Երեկ միամիտ մեր տղեքին ըսել են, որ ռեզերվ գնացեք, գնացքը բդի ռուսը տանի: Հեչ մե ձեւիմ ծանուցում չի եղել, հեչ մե զգուշացումըմ, հենց հմի մենք ունինք նարյադ, հենց էս պահի դրությամբ, բայց եկել եմ իմ անունիս դեմը գրած է օտդիխ, իմ հաշվիս հանգիստ: Բայց ընչի, չեն ըսել: Ընձի գրել են հանգիստ, իմ տեղս ռուսը կաշխատի»,- բողոքեց մեքենավարի օգնական Գոռ Ղազարյանը:

Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեքենավարների համոզմամբ, ՌԴ-ի կողմից նման գործունեությունն առաջին հերթին ՀՀ ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործություն է: Ուժային կառույցներին ուղղված նամակով մեքենավարները խնդրել են պարզել Հայաստան եկած անձանց ինքնությունը, անձնական տվյալները, ՀՀ տարածքում նման գնացքներ շահագործելու նրանց ունեցած իրավունքը, փաստաթղթերի առկայությունն ու դրանց իսկությունը, բժշկական փաստաթղթերն ու այդ փաստաթղթերի ժամկետները: «Դիմել ենք ԱԱԾ, ոստիկանություն, դատախազություն: Իրանք հանցագործություն կենեն մեր պետության դեմ»,-հայտարարեցին մեքենավարները:

«Անունը դրել են փորձի փոխանակում ու էդ ռուսներին բերել են մեր տեղը կաշխատցնեն: Սամալյոտից իջել, քանիմ ժամ հանգստացել ու նստել, քշել են: Չկա ըդպես իրավունք: Ոչ գծերին են ծանոթ, ոչ գնացքներին ու դրանց հնարավորություններին, ոչ գիտեն ինչ արագություն ունին էդ գնացքները, ստեղ ինչ արագությամբ կքշեն, հեչ բան: Մենք հմի կերտայինք Այրում,կհասնեինք, ընդեղ հանգստի սենյակներ կան, կքնեինք, կհանգստանայինք, մինչեւ պոեզ եղնիր հետ գայինք: Հմի իրանք կառավարական են, ռուս են, Այրումից մեքենայով տարել են Երեւան հյուրանոց, որ քնին, հանգստանան: Էդ տասը հոգու համար հյուրանոց է վարձած Երեւան»:

Այն, որ ռուսները չեն կարողացել շահագործել գնացքներն, արդեն հայտնի է: Ըստ մեքենավարների, ժամերի ընթացքում արդեն երկու էլեկտրոգնացք է վառվել: Մեկը վառվել է Ջաջուռում, մյուսը`Արաքս կայարանի մոտ:

Մեքենավարները մտածում են, որ տեղի ունեցածը հոկտեմբերի 23-ին իրենց կողմից խնդիրների բարձրաձայնումների հետեւանքն է: «Էն ժամանակ մենք, ըսպես ըսած, իրանց վատ վիճակի մեջ դրեցինք, հմի կփորձեն պատասխան տալ մեզի ըսպես: Հարցրել ենք ինչի համար սպես կենենք, ըսել են լավ կենենք»,-ասացին մեքենավարները: «Եթե էս հարցն օրենքով չի լուծվի, մեկը ես ծայրահեղության կդիմեմ, ընտանիքիս, երեխեքիս հետ գուկամ, կնստիմ էս գծերին, ու թող հլը մե ռուսըմ փորձե ստեղով պոեզը քշե, որ քշեց, վրեքովս բդի քշե»,-ասաց մեքենավար Ղազարյանը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել