Ներխուժում Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք. Նյու Դելին բողոք Է հայտնել Մեծ Բրիտանիային |armenpress.am|
12:17 - 20 մարտի, 2023

Ներխուժում Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք. Նյու Դելին բողոք Է հայտնել Մեծ Բրիտանիային |armenpress.am|

armenpress.am: Հնդկաստանը բողոք է հայտնել Մեծ Բրիտանիային այն բանից հետո, երբ մարտի 19-ին մի խումբ ցուցարարներ ներխուժել են Լոնդոնում Հնդկաստանի դեսպանատան տարածք և շենքի վրայից պոկել ազգային դրոշը։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:

Ինչպես այսօր հայտնում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը, մարտի 19-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի «բարձրաստիճան դիվանագետը» կանչվել է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն, որտեղ «վճռական բողոք» են հայտնել «անջատողական և ծայրահեղական տարրերի ձեռնարկած գործողությունների դեմ»։

«Ներկայացվել է պահանջ՝ բացատրել բրիտանական պահնորդական ծառայության լիակատար բացակայությունը, որն այդ տարրերին թույլ է տվել ներթափանցել դեսպանատան շենք: Այդ առնչությամբ հիշեցրել են Վիեննայի կոնվենցիայով Միացյալ Թագավորության կառավարության հիմնական պարտավորությունները: Հնդկաստանն անընդունելի է համարում Մեծ Բրիտանիայի կառավարության անտարբերությունը Մեծ Բրիտանիայում Հնդկաստանի դիվանագիտական ​​շենքերի և անձնակազմի անվտանգության նկատմամբ», - ասված է Հնդկաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նշել է, որ Հնդկաստանն ակնկալում է, որ Լոնդոնը կձեռնարկի անհապաղ քայլեր միջադեպին մասնակցած յուրաքանչյուր անձի բացահայտման, ձերբակալման և դատական հետապնդման համար, ինչպես նաև խիստ միջոցներ կձեռնարկի նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել