Հերիք չի՞ բռնաբարեք Սահմանադրությունը․ Սահմանադրական դատարանի անդամը դատավոր չէ եւ երբեք չի հանդիսացել․ Նախկին դատավոր Պարգեւ Օհանյան |armtimes.com|
13:43 - 22 հունիսի, 2019

Հերիք չի՞ բռնաբարեք Սահմանադրությունը․ Սահմանադրական դատարանի անդամը դատավոր չէ եւ երբեք չի հանդիսացել․ Նախկին դատավոր Պարգեւ Օհանյան |armtimes.com|

armtimes.com: «Հերիք չի՞՝ բռնաբարեք Սահմանադրությունն ու օրենքները. նախ՝ դրանք գրելիս եւ ընդունելիս ուշադիր լինեիք,որ հակասություններ չլինեն, իսկ մեկնաբանելիս պետք է առաջնորդվել նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի պահանջներով եւ տրամաբանությամբ...Սահմանադրական դատարանի անդամը դատավոր չէ եւ երբեք չի հանդիսացել՝ ոչ համաձայն գործող կամ նախկին սահմանադրությունների եւ ոչ էլ՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքի»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ, նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարության շուրջ ստեղծված աղմուկին։

Հիշեցնենք՝ Գրիգորյանը հայտարարել էր, որ ինքը, մտնելով ՍԴ, դառնում է երկրորդ դատավորը, եւ քանի որ մյուս դատավորն այս պահին բացակայում է, ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը։

«Նախկին Սահմանադրությամբ՝ անդամներն առանձին կարգավիճակ են ունեցել, դատավորներն՝ առանձին: Իսկ, օրինակ, գործող ՀՀ Դատական օրենսգրքի 3-րդ հոդվածը սահմանում է, թե ովքեր են դատավորները՝ ընդգծելով, որ դատարանների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները նույնպես դատավորներ են:Ինքնըստինքյան դատավոր չեն դառնում»,-գրել է Օհանյանը։

«Հայտնի անեկդոտը հիշեցի: Նույնն է, եթե ասենք, որ ԲԴԽ բոլոր անդամները դատավորներ են, ինչպես դատավոր անդամները: Սակայն, եթե ԲԴԽ-ի դեպքում այդ իրավիճակը նորմալ է, բխում է օրենքից, ապա ՀՀ Սահմանադրական դատարանի դեպքում նորմալ չէ, օրենքից չի բխում. ընդհակառակը, հակասում է օրենքին՝ ՀՀ Սահմանադրությանը,որը սահմանում է,որ ՍԴ-ն կազմված է 9-ը դատավորներից,ովքեր ընտրվում են ԱԺ կողմից,12 տարի ժամկետով, եւ ընտրված ՍԴ-ն իր կազմից ընտրում է ՍԴ նախագահ եւ փոխնախագահ՝ 6 տարի ժամկետով:

Ի՞նչ է ստացվում: ՀՀ Սահմանադրության անցումային՝ 213 հոդվածի համաձայն՝ «ՍԴ նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել» մինչեւ 65 տարեկան դառնալը, առանց օրենքով սահմանված կարգով ընտրվելու եւ դատավորի կարգավիճակի,իսկ օրենքով սահմանված կարգով ընտրված դատավորներ Արման Դիլանյանը եւ Վահե Գրիգորյանը 12 տարի հետո պետք է հեռանա՞ն (Սահմանադրության համաձայն՝ երկրորդ անգամ չեն կարող ընտրվել):Նորմա՞լ է նման խտրականությունը.իհարկե ոչ:

Նորմա՞լ է ՍԴ-ի անդամների «արտոնությունը». իհարկե ոչ: Ավելին՝ այս պարագայում նրանք մեխանիկորեն հայտնվում են օրենքից դուրս, ոչ լեգիտիմ կարգավիճակում:

Այլ կերպ ասած՝ առկա է հակասություն (կոլիզիա) ՝ՀՀ Սահմանադրության 166 հոդվածի (հատուկ նորմ) եւ անցումային (ընդհանուր նորմ)՝ 213 հոդվածի միջեւ, որի դեպքում՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի» համաձայն՝գործում է հատուկ նորմը... Կհարցնեք ի՞նչ անել: Թեեւ, ինչպես նշեցի գործում է հատուկ նորմը, սակայն հարցին լուծում տալու համար,կարծում եմ, անխուսափելիորեն անհրաժեշտ է, որ ԱԺ-ն փոփոխի Սահմանադրության 213 հոդվածը..․Հանրաքվեի անհրաժեշտություն չկա: Մնացածը, ինչպես ասում են,տեխնիկայի հարց է»,-եզրափակել է նախկին դատավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել