Պարույր Հովհաննիսյանը գերմանացի խորհրդարանականների հետ հանդիպմանը կարևորել է իրավիճակի կայունացման գործում ԵՄ առաքելության դերը
18:58 - 21 մարտի, 2023

Պարույր Հովհաննիսյանը գերմանացի խորհրդարանականների հետ հանդիպմանը կարևորել է իրավիճակի կայունացման գործում ԵՄ առաքելության դերը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի պատվիրակությանը՝ խմբի փոխնախագահ Թաբեա Ռյոսների գլխավորությամբ։

ԱԳ նախարարի տեղակալը, ողջունելով Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության այցը Հայաստան, կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական շփումները։

Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Պարույր Հովհաննիսյանը, գերմանացի խորհրդարանականներին ներկայացնելով տարածաշրջանում անվտանգային բարդ իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքները, կարևորել է իրավիճակի կայունացման գործում ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության դերը։

Նախարարի տեղակալն ընդգծել է նաև, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, ոստիկանության ծառայողների սպանությունը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները, ինչպես նաև քաղաքացիական բնակչության ահաբեկումը հրամայական են դարձնում Լեռնային Ղարաբաղ ու Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել