Միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում՝ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա․ Փաշինյան
11:58 - 23 մարտի, 2023

Միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում՝ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա․ Փաշինյան

ՀՀ վարչապետը կառավարության նիստի սկզբում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մարտի 18-ի ելույթին, որտեղ վերջինս նշել էր, թե եթե Երևանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա և Բաքուն չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Փաշինյանի խոսքով կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել․

«Նա բացահայտ, բառացի ասաց, թե «Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»։ Սա այլ կերպ քան ագրեսիայի ակտ ՀՀ-ի նկատմամբ և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել, որովհետև 2022թ․ հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ ասվում է․ «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ․ Ալմաթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»։ Սա հայտարարություն է, որն ընդունել է նաև Ադրբեջանի ղեկավարը, նմանատիպ մի հայտարարություն էլ ընդունվել է նույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ նախագահի, ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի կողմից, որտեղ ասվում է․ «Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիմա վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ․ Ալմաթայի հռչակագրի»»։

Փաշինյանի խոսքով այս հայտարարություններից հետո, որն ուղիղ արձանագրումն է նրա, որ խորհրդային հանրապետությունների սահմանները վերածվել են պետական սահմանների, Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզների հիման վրա դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է, այն պարզ պատճառով, որ հակասում է բարձրագույն մակարդակում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին․ «Դրանք խախտելու Ադրբեջանի այս գործելակերպն է պատճառը, որ մենք շարունակում ենք պնդել, որ թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, թե՛ ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցով Ստեփանակերտ-Բաքու ֆորմատում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր, բանակցային հուսալի միջազգային մեխանիզմներ»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրանց քաջալերում են գնալ նորանոր սադրանքների՝ հիշեցնելով երեկ Երասխում տեղի ունեցած դեպքը (հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել) ու ցավակցություն հայտնելով նրա ծնողներին ու հարազատներին։

«Միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա։ Սա ավելի է հիմնավորվում Ադրբեջանի՝ պետական մակարդակով վարվող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» անհեթեթ խոսույթով, որը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության բացահայտ ակտ է։ Իսկ ընդհանուր առմամբ պիտի ընդգծեմ, որ այս խոսույթը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ մեր կառավարությունը հենց սկզբից ճիշտ է ընթերցել Ադրբեջանի ուղերձները, և այս շարունակական, ՀՀ գոյության իրավունքը կասկածի դնող քաղաքականությունն ու խոույթն է ԼՂ հակամարտության չկարգավորման պատճառը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել