Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Վիճակագրական կոմիտե՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը, Կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետին զեկուցվել է 2022թ. վիճակագրական ծրագրի կատարման մասին, որն իրականացվել է ամբողջությամբ՝ նախատեսված 472 միջոցառումը կատարվել է սահմանված ժամկետում: Տարածվել է 23 վիճակագրական ժողովածու, 67 տեղեկագիր, 24 տեղեկատվական ամսական զեկույց: Նշվել է, որ 2022թ. հոկտեմբերի 13-22-ը ՀՀ-ում անկախությունից ի վեր տեղի ունեցած 3-րդ մարդահամարն այն առաջին անգամ անց է կացվել համակցված մեթոդով:
Նախաձեռնվել են բարեփոխումներ վիճակագրական կարողությունների ամրապնդման ուղղությամբ: Մասնավորապես, միջազգային գործընկեր կառույցների օժանդակությամբ կազմվել են ռեսուրսներ-օգտագործում աղյուսակները, նոր մեթոդի կիրառմամբ մշակվել և հրապարակվել են ՀՆԱ-ի եռամսյակային ցուցանիշների սեզոնային ճշգրտված տվյալները, հրապարակվել է «Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտության» զեկույց-հաշվետվությունը և այլն: Միջազգային վիճակագրական համագործակցության շրջանակում ծրագրեր են իրականացվել Եվրոպական միության, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ: Շարունակվել է համագործակցությունը ինչպես վարչական ռեգիստր վարող պետական գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ միջազգային աշխատանքային խմբերի հետ: ԵՄ մեթոդաբանության հիման վրա աշխատանք է տարվել ռեսպոնդենտների ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ:
Արդիականացվել են Ազգային հաշվետվողականության հարթակի ցուցանիշները, ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների 30-ամյակի համատեքստում՝ իրազեկման միջոցառում է իրականացվել Միացյալ Թագավորության ազգային վիճակագրության գրասենյակի հետ համատեղ: Արդիականացվել է 139 վիճակագրական արտադրանքի որակի հռչակագիր, ԵՄ Միասնական ինտեգրված մեթատվյալների կառուցվածքը: Առաջիկայում նախատեսվում է նաև վիճակագրական կոմիտեի կայքէջի արդիականացում:
Հաշվետվության վերաբերյալ ծավալվել է մտքերի փոխանակում: Վարչապետին մանրամասներ են ներկայացվել Վիճակագրության պետական խորհուրդի գործունեության, ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման, ինտեգրված պետական վարչական ռեգիստրների համակարգի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքի վերաբերյալ: Քննարկման առարկա են դարձել առաջիկա անելիքները, այդ թվում՝ տեղեկությունների աղբյուրների ընդլայնման, ըստ որոշակի չափանիշների՝ գյուղացիական տնտեսությունների իրավական կարգավիճակի և դրա սահմանման բացակայության խնդրի կարգավորման, ռեսպոնդենտների հաշվետվողականությունը խթանող իրավակարգավորումների լավարկման և այլ ուղղություններով:
Վարչապետը կարևորել է ոլորտի բարեփոխումները՝ միջազգային չափանիշներին համապատասխան ազգային վիճակագրական համակարգի զարգացման տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է ապահովել միջգերատեսչական տվյալների շտեմարանների շարունակական փոխգործելիություն՝ հիմք ունենալով հասանելիության իրավական կարգավորումները: Կառավարության ղեկավարը նաև կարևորել է ոլորտում թվային գործիքակազմի լայն կիրառումը:
Քննարկման արդյունքներով՝ Վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:
comment.count (0)