Փաստաբան Լեւոն Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել
17:34 - 29 մարտի, 2023

Փաստաբան Լեւոն Գեւորգյանին մեղադրանք է ներկայացվել

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում այսօր մեղադրանք է ներկայացվել փաստաբան Լեւոն Գեւորգյանին։

Infocom-ի հարցին ի պատասխան՝ Կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք տալը՝ իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար)։

Օհանջանյանի փոխանցմամբ՝ Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Հիշեցնենք՝ ըստ ոստիկանության հաղորդագրության՝ մարտի 22-ին՝ ժամը 01։25-ին, պարեկային ծառայության ծառայողները Հրազդանի կիրճում ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Նույն մեքենայում գտնվող ուղեւորը (որը, ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, Լեւոն Գեւորգյանն է եղել), ըստ ոստիկանության, դրա դիմաց 40 հազար դրամ կաշառք է առաջարկել։ Դրանից հետո կաշառք տալու կասկածանքով նա ձերբակալվել էր, մեկ օր անց՝ ազատ արձակվել։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որն ավելի ուշ ուղարկվել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ նախաքննության։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ Լեւոն Գեւորգյանի հետ՝ ենթադրյալ դեպքի եւ մեղադրանքի վերաբերյալ վերջինիս դիրքորոշումը լսելու համար, սակայն նրա հեռախոսահամարները անհասանելի են։

Գեւորգյանը միջազգային իրավունքի մասնագետ է, իրավաբանական գիտությունների թեկնածու։

 

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել