Հնդկաստանը կարող է Իրանի նախագծի մաս դառնալ. Երևանը և Դելին համաձայնագիր են պատրաստում |armeniasputnik.am|
09:23 - 30 մարտի, 2023

Հնդկաստանը կարող է Իրանի նախագծի մաս դառնալ. Երևանը և Դելին համաձայնագիր են պատրաստում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանն ու Հնդկաստանը բանակցություններ են վարում միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման շուրջ: Երևանը հնարավոր է համարում նաև Նյու Դելիի միացումը «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին (ՄՏՄ)։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանն առաջարկել է Հնդկաստանին ապրանքներն ավելի արագ Ռուսաստան և Եվրոպա հասցնելու համար առևտրային միջանցք տրամադրել, որը կանցնի Իրանով, Հայաստանով, Վրաստանով և Սև ծովով ։

«Ներկայումս Հնդկաստանի հետ ակտիվացել են բանակցությունները տրանսպորտի ոլորտում ՀՀ-ի հետ համագործակցության և միջազգային ավտոմոբիլային փոխադրումների երկկողմ համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ»,- նշվում է հարցման պատասխանում։

Գերատեսչությունից նաև հիշեցրել են, որ թեև Հնդկաստանը «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի ստեղծման համաձայնագրի անդամ երկիր չէ, սակայն ցանկության դեպքում Նյու Դելին կարող է միանալ դրան:

Ինչ կտա ՄՏՄ-ն Երևանին

Հայաստանը պատրաստ է վավերացնել «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկման մասին համաձայնագիրը` համաձայն հանրապետության օրենսդրության: Երևանում վստահ են, որ ՄՏՄ-ի նախագծի իրագործումը կխթանի մուլտիմոդալ փոխադրումների զարգացումը և կբարձրացնի Հայաստանի տարանցիկ գործառույթը Եվրոպա-Ասիա երթուղով միջազգային բեռնափոխադրումներում:

«Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի համաձայնագրի ստորագրումը նոր որակ կարող է հաղորդել նաև Հայաստանի և Իրանի միջև համագործակցությանը» -նշել են հարցման պատասխանում։

Գերատեսչությունից հիշեցրել են, որ վերջին անգամ նախագծի մասնակից երկրների, մասնավորապես` Հայաստանի, Իրանի, Վրաստանի և Բուլղարիայի պատվիրակությունները հավաքվել էին նախագծի համաձայնեցման փորձագիտական խմբի 6-րդ նիստին` 2022 թվականի ապրիլի 6-7-ը Սոֆիայում։ Նիստի արդյունքում ստորագրվել է վեցերորդ հանդիպման արձանագրությունը, որում ամրագրված է, որ «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի վերջնական տարբերակը պատրաստ է:

Իրանական կողմը պետք է դիվանագիտական խողովակներով համաձայնեցնի համաձայնագրի վերջնական տարբերակը ՄՏՄ-ի մասնակից այն երկրների հետ, որոնք ներկա չէին հանդիպմանը և, պատասխանը ստանալուց հետո, արդյունքների մասին տեղեկացնի մյուս պետություններին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել