Պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանության բաժին, մեկ այլ պատգամավոր բուժօգնության է դիմել բուժհաստատություն․ ՔԿ խոսնակը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին
13:47 - 31 մարտի, 2023

Պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանության բաժին, մեկ այլ պատգամավոր բուժօգնության է դիմել բուժհաստատություն․ ՔԿ խոսնակը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է ահազանգ։ Այս պահին քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են կատարվածի նախնական հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ 

«Ներկա պահին կարող եմ միայն ասել, որ պատգամավորներից մեկը տարվել է Ոստիկանության բաժին, մեկ այլ պատգամավոր բուժօգնության է դիմել բուժհաստատություն։

Որոշակի տվյալների ձեռքբերումից հետո ՀՀ քննչական կոմիտեն հնարավորինս սեղմ ժամկետներում պաշտոնական տեղեկատվություն կտարածի»,- նշել է Գոռ Աբրահամյանը։ 

Հիշեցնենք, որ ասյօր ԱԺ-ում միջադեպ է տեղի ունեցել իշխող և ընդդիմադիր պատգամավորների միջև։

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանը քննարկման ժամանակ հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասներ հասցրել։

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը նշեց, որ Սահակյանը բերման է ենթարկվել։ Դիտարկմանը, որ ՔՊ-ականների խոսքով Սահակյանն է հարձակվել Վարդանյանի վրա, արձագանքեց՝ տեղյակ չէ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել