Կամավորության մշակույթի զարգացման ու տարածման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման նպատակով՝ կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններում կգործեն միասնական կարգավորումներ։ Այսօրվա նիստում նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախագծի ընդունմամբ՝ հնարավորություն է տրվում նպաստել կամավոր աշխատանքի ինստիտուտի և մարդկային կապիտալի զարգացմանը, աշխատանքային փորձառության ձեռքբերմանը, բնականաբար նաև՝ աշխատաշուկայում անձի մրցունակության բարձրացմանը։ Ըստ այդմ, կամավորների համար կամրագրվեն՝
· կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, տեղեկանք, երաշխավորագիր,
· կամավոր աշխատանքի ժամանակահատվածը` կամավորի համար աշխատանքային փորձառության համարում,
· ծախսերի հատուցման իրավունք,
· առողջության և անվտանգության ապահովման երաշխիքներ,
· ապահովագրության հնարավորություն,
· կապահովի աշխատաշուկա մուտք գործելու, նոր գիտելիք և մասնագիտական փորձառություն ձեռք բերելու հնարավորություն:
«Կամավոր աշխատանքի մասին» օրենքի ընդունմամբ՝ կապահովվեն նաև «Երիտասարդների անդրազգային երկարաժամկետ կամավորական ծառայության խթանման մասին» Եվրոպական կոնվենցիայով, «Կամավորականությանն աջակցելու» ՄԱԿ-ի հանձնարարագրով, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 14-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված միջազգային նորմերի իրականացումը, ինչպես նաև կամրագրվեն ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրացման հարցում կամավորների ներուժի օգտագործման համար իրավական մեխանիզմներ։
comment.count (0)