ERASMUS+ «Կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» ծրագրում ընդգրկված են հայաստանյան և եվրոպական բուհեր
17:24 - 06 ապրիլի, 2023

ERASMUS+ «Կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» ծրագրում ընդգրկված են հայաստանյան և եվրոպական բուհեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ERASMUS+ «Կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» /T-GREEN/ ծրագրի մեկնարկի հանդիպմանը, որը կայացել է առցանց ձևաչափով:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարի տեղակալն իր ողջույնի խոսքում կարևորել է միջազգային ծրագրի և  բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության ընդհանուր թիրախները:

«Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող այս նախագծի նպատակները համահունչ են «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» սահմանված թիրախներին և բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ որդեգրած բարեփոխումներին: Այս առումով առաջնային է հատկապես մագիստրոսական կրթական ծրագրերի բարեփոխումը, որը հնարավորություն է ընձեռում անցում կատարել դեպի ապագային ուղղված միջառարկայական, միջգիտակարգային ուսումնական ծրագրերին` ներառելով «կանաչ գործիքների» գիտելիքներ և հմտություններ։ Հիմնական նպատակներից է նաև խթանել ուսանողների շարժունությունը, մշակել համատեղ մագիստրոսական ծրագրերի իրականացմանն ուղղված ինստիտուցիոնալ նոր գործիքակազմեր՝ բարելավելով գործող կանոնակարգերը»,- նշել է նախարարի տեղակալը:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ և եվրոպական գործընկեր բուհերի, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները՝ կարևորելով և բարձր գնահատելով հայաստանյան բուհերի մասնակցությունը և ցուցաբերած արդյունքները ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող Էրազմուս+ ծրագրերում։

ERASMUS+ «Կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար. այն ավարտվելու է 2026 թվականին: Ծրագրի համակարգումն իրականացնելու է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ Ծրագրի անդամներ են հանդիսանում Երևանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Ազգային ագրարային, Գորիսի պետական, Գավառի պետական, Եվրասիա միջազգային համալսարանները, ինչպես նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանը: ԵՄ անդամ պետություններից ծրագրում ընդգրկված են Լեհաստանի Յագելոնյան համալսարանը, Պորտուգալիայի Կաթոլիկ համալսարանը, Լիտվայի և Հունաստանի համալսարանները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել