Ամուլսար. Վահագն Թևոսյանի անհիմն հիմնավորումները
16:14 - 28 օգոստոսի, 2019

Ամուլսար. Վահագն Թևոսյանի անհիմն հիմնավորումները

fip.am Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը օգոստոսի 26-ին՝ ներկայացնելով Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ իր մոտեցումները, հայտարարեց, որ «Իմ քայլը» դաշինքը, ստանալով Հայաստանը ինստիտուցիոնալ ներկայացնելու մանդատը, պետք է վերջնական որոշումը կայացնի խնդրի վերաբերյալ։

«…Այդ մանդատը 70%-ով տրվել է մի մարդու և դաշինքի, որը դրանից ամիսներ առաջ հայտարարել է՝ եթե Սևանի ավազանի ջրերը, Ջերմուկի ջրերը և հարակից ջրերը վտանգված չեն լինելու, մենք հիմքեր չենք ունենալու Ամուլսարի հանքը չբացելու։ Եվ ըստ այդմ՝ այդ հայտարարությունն է եղել նաև որոշակի պայմանագիր՝ ուժի և ժողովրդի միջև, պայմանագրի մի կետ, որին հօգուտ քվեարկել է 70% քաղաքացի։ Ես ենթադրում եմ, որ շատ մարդիկ եղել են, որ ասել են՝ էս ի՞նչ է ասում վարչապետը, ոնց թե, ոչ մի դեպքում Ամուլսարը չպիտի շահագործվի։ Ես ենթադրում եմ, որ այդ մարդիկ ընտրել են այլ քաղաքական ուժի…»,- ասաց Թևոսյանը։

Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հնարավոր շահագործման մասին վերը նշված հայտարարությունն իսկապես արել է (2018 թ. սեպտեմբերի 15-ին), և «Իմ քայլը» խորհրդարանական ընտրություններում ստացել է մոտ 70 % ձայն, փաստ է, սակայն այդ փաստերի հիման վրա Վահագն Թևոսյանի արած դիտարկումները մոլորեցնող են։

«Իմ քայլի» պատգամավորի դիտարկումից ստացվում է, որ եթե քաղաքացին ձայնը տալիս է որևէ քաղաքական ուժի, ապա նրա և այդ ուժի մոտեցումները բոլոր հարցերի շուրջ պետք է նույնը լինեն։ Սակայն այս պնդումը վիճելի և մանիպուլյատիվ է, քանի որ հայտարարել, որ քաղաքական ուժին ձայն տված բոլոր քաղաքացիները կողմ են եղել այդ ուժի ծրագրային ԲՈԼՈՐ դրույթներին կամ նախկինում արված ԲՈԼՈՐ հայտարարություններին, չունի ապացուցողական հիմք։

Բացի այդ, Թևոսյանն ասում է, որ ի սկզբանե հայտարարվել է՝ եթե պարզվի, որ հանքի շահագործումն ազդեցություն չի ունենա ջրային համակարգի վրա, ապա Ամուլսարը կշահագործվի։ Սակայն, ըստ էության, «Էլարդ» ընկերությունը ոչ թե շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նոր փորձաքննություն է իրականացրել, այլ պարզապես քրեական գործի շրջանակներում ուսումնասիրել է «Լիդիան» ընկերության ներկայացրած փաստաթղթերը։ Եվ, «Էլարդի» այդ զեկույցում անգամ արձանագրվել են մի շարք մտահոգություններ, ռիսկեր հանքի շահագործման վերաբերյալ, որոնց մասին բարձրաձայնել են նաև «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ (օրինակ՝ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը)։

Եվ դեռևս հարց է՝ արդյո՞ք հանքի շահագործումն անվտանգ է Սևանի և Ջերմուկի ջրերի համար, թե՞ ոչ, քանի որ զեկույցում հստակ նշվում է, որ «….բացահանքերը և դատարկ ապարների լցակույտը գտնվում են Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում։ Աղետալի երկրաշարժերը կարող են առաջացնել հանքի կոնտակտային ջրերի և մակերևութային ջրերի արձակում Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում, մասնավորապես՝ շահագործման փուլում, երբ մեծ քանակությամբ կոնտակտային ջրեր են կուտակվում ավազաններում։ Ջրերի նման արձակումը կաղտոտի մոտակա աղբյուրները և Արփա գետը…»։

Պատգամավորը խոսեց նաև հանքի շահագործման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու առաջարկությունների մասին՝ հայտարարելով, որ դրա կարիքը չկա։

«Որ ասում են՝ հանրաքվե լինի, հանրաքվե լինի։ Հանրաքվե եղել է, և բոլորովին վերջերս է եղել՝ Ազգային ժողովի ընտրությունների տեսքով։ Էն մարդիկ, որ էն ժամանակ դեմ են եղել, հիմա էլ են դեմ, ես կարծում եմ, որ նույն քանակությունն ունեն, ինչ էն ժամանակ, որը արտացոլվել է ընտրությունների արդյունքներով»,- ասաց նա։

Սահմանադրության 2-րդ հոդվածով սահմանված է, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Այսինքն՝ Սահմանադրությունը հստակ տարբերակում է հանրաքվեն և ընտրությունները։

Հանրաքվեի և քաղաքական ընտրությունների տարբերությունն այն է, որ ընտրությունների ժամանակ քաղաքացիներն ընտրում են նախընտրած քաղաքական ուժին, մինչդեռ հանրաքվեի ընթացքում իրենց դիրքորոշումն են հայտնում մեկ կոնկրետ նախագծի (հարցի) վերաբերյալ (այո կամ ոչ)։

Այստեղից կարող ենք ենթադրել, որ ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը կամ չի տարբերում քաղաքական ընտրությունը հանրաքվեից, կամ դիտմամբ շահարկում է դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում իշխող ուժի ստացած 70% ձայները՝ փորձելով ցույց տալ, որ նման աջակցություն ստացած ուժի իշխանության պարագայում հանրաքվեներ անցկացնելն անիմաստ է։

Ավելին, 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի 23-րդ կետը վերաբերում է հենց հանրաքվեների միջոցով ուղիղ ժողովրդավարության զարգացմանը։

«Զարգացնելու ենք ուղիղ ժողովրդավարության մշակույթը տեղական և համապետական հանրաքվեների ինստիտուտի միջոցով»,- նշված է «Իմ քայլի» ծրագրում։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն իր հայտարարությամբ հակասում է դաշինքի նախընտրական ծրագրի այս դրույթին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել