«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Կանաչ Հայաստան» և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպություններն ու մի խումբ քաղաքացիներ դիմել են Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Լիդիան Արմենիա» ընկերությանը մինչև 150 մլն դոլարի բյուջետային երաշխիք տրամադրելու կառավարության որոշումը։
Վիճարկվող որոշմամբ կառավարությունը նախատեսում է երաշխավորել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի՝ մինչև 150 մլն դոլարի չափով վարկային միջոցների ներգրավումը բանկերից՝ Ամուլսարի հանքի շահագործման նպատակով։ Հայցվորների կարծիքով՝ այս որոշումը խախտում է Հայաստանի օրենսդրության մի շարք դրույթներ, մասնավորապես՝
-Որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց սահմանվել է հաջորդական գրավը, որը չի երաշխավորում պետական միջոցների վերադարձը և չի համապատասխանում բյուջետային օրենսդրության պահանջներին։
-Որոշման ընդունման պահին բացակայում էր ընկերության ակտիվների շուկայական արժեքի գնահատումը, ինչն անհրաժեշտ էր օրենքով նախատեսված սահմանաչափի պահպանման պահանջը ապահովելու համար, իսկ անհրաժեշտ փաստաթղթերը հետագայում ներկայացնելու ընթացակարգ սահմանելու լիազորություն Կառավարությանը վերապահված չէ։
-Օգտագործված ֆինանսական տվյալները մեկ տարվա հնություն ունեն և չեն բավարարում ընկերության վճարունակության արդի գնահատման պահանջին։
-Ֆինանսների նախարարության դրական եզրակացությունը բացակայում է, ինչը պարտադիր նախապայման է բյուջետային երաշխիք տրամադրելու համար։
-Վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով արդեն իսկ անվավեր են ճանաչվել «Լիդիան Արմենիա»-ին ընդերքի տեղամասի ընդլայնման և թույլտվության ժամկետի փոփոխության վերաբերյալ վարչական ակտերը ։
Անկախ փորձագետների, այդ թվում՝ «Էլարդ» ընկերության գնահատմամբ, ծրագրի իրագործումը պարունակում է լուրջ բնապահպանական ռիսկեր, ներառյալ՝ ջրային ռեսուրսների պոտենցիալ աղտոտում, ծանր մետաղների, նատրիումի ցիանիդի օգտագործման ռիսկերը գնահատված չլինելու և թթվային դրենաժի սպառնալիքներ։
comment.count (0)