Գավառի «վարկառուների» գույքը կալանքի տակ է. տուժողները փորձում են ապացուցել իրենց անմեղությունը |hetq.am|
12:34 - 20 հուլիսի, 2019

Գավառի «վարկառուների» գույքը կալանքի տակ է. տուժողները փորձում են ապացուցել իրենց անմեղությունը |hetq.am|

hetq.am։ Արդեն հինգերորդ տարին է՝ շարունակվում է Գավառի մի քանի տասնյակ բնակիչների՝ միլիոնավոր դրամների հասնող վարկային պարտավորությունների գործը: Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը դիմել է դատարան, որի վճռով բնակիչների գույքը, որոշ դեպքերում նաև դրամական միջոցները կալանքի տակ են: Դատական մեկ այլ գործով 77 տուժողներ պահանջում են մեղավոր ճանաչել համաքաղաքացի Սոս Սաֆարյանին՝ վարկերի իրական տերը լինելով իրենց խոշոր գույքային վնաս հասցնելու համար:

Հիշեցնենք, որ Գավառի մի քանի տասնյակ բնակիչներ դատարանում են հայտնվել չմարված վարկային պարտավորությունների համար, մինչդեռ նրանք պնդում են, որ խաբեության զոհ են դարձել, և գումարներն իրենց փոխարեն վերցրել են համաքաղաքացիներ Արտուշ Մաթևոսյանն ու Սոս Սաֆարյանը: Քաղաքացիները պատմել էին, որ 2013-2014 թվականներին վերջիններս դիմել են իրենց՝ խնդրելով գրավի պայմանագրեր կնքել։ Նրանք բանկին են ներկայացրել ոսկու ձուլակտորներ, որի դիմաց, ինչպես հավատացրել են, «մի քիչ գումար» են վերցնում, որը կվճարեն մի քանի ամիսների ընթացքում։ Եթե նույնիսկ չկարողանան գումարը մարել, շարունակել են, իրենց ոսկին կմնա բանկին, իսկ վարկառուները ոչինչ չեն կորցնի։

Ամիսներ անց Արտուշ Մաթևոսյանը և Սոս Սաֆարյանը չեն վճարել գումարները, և պարզվել է, որ քաղաքացիներից յուրաքանչյուրը բանկին պարտք է մոտ 10 մլն դրամ՝ թե՛ որպես վարկառու, թե՛ որպես երաշխավոր: Նրանք պնդում են, որ այս մասին չեն իմացել, նույնիսկ գրավ դրվող ոսկին չեն տեսել. պարզապես ստորագրել են փաստաթղթերը:
Անցնող ամիսների ընթացքում դատարանում հարցաքննվել են տուժողներն ու վկաները:

Տուժողների գույքը կալանքի տակ է. մի մասի վերաբերյալ դատարանն արդեն վճիռ է կայացրել, և բանկը ամեն պահի կարող է դիմել հարկադիր ծառայությանը՝ գույքը բռնագրավելու պահանջով: Նրանք նույնիսկ չեն կարող նոր վարկային գործարքներ կատարել, քանի որ հայտնվել են վարկային բյուրոյի սև ցուցակում:

Տուժողներից Ռազմիկ Կատվայլանը, օրինակ, չի կարողանում 140 հազար դրամ վարկ վերցնել՝ իր տան՝ վերջերս վնասված տանիքը նորոգելու և տունը հորդառատ անձրևներից պաշտպանելու համար:

Գավառի բնակիչ, Արտուշ Մաթևոսյանի նախկին գործընկեր Հարություն Հարությունյանը մեկն է այն տուժողներից, որոնք միջնորդություն են ներկայացրել դատարան՝ խնդրելով կասեցնել գործերից մեկը, մինչև մյուսով որոշում կկայացվի: Նա հավատում է, որ եթե քրեական գործով ապացուցվի, որ վարկառուները բանկից ստացած գումարի իրական տերը չեն, իրենք հնարավորություն կունենան քաղաքացիական գործով հակընդդեմ հայց ներկայացնել, ազատվել իրենց ներկայացվող պարտավորություններից և գույքն ու դրամական միջոցները հանել կալանքից:

Հարությունը հիշում է, որ 2014թ-ին բանկում թղթերը ներկայացրել են իրեն և ցույց տվել, թե որտեղ պետք է ստորագրի: Այդ թղթերի մեջ եղել են ոչ միայն նրա՝ որպես վարկառուի, այլև երկու այլ գործերով երաշխավոր լինելու պայմանագրերը, ինչի մասին ինքը չի իմացել: «Ես չեմ հասկանում՝ պատահականություն էր, թե դիտավորություն, այնպես էին արել՝ բանկի փակվելու ժամն էր: Դրեց առջևս էդ աղջիկը, ասեց՝ ստորագրի: Ասեցի՝ խնդիր չի լինելո՞ւ, բա՝ չէ, Արտուշն էլ՝ մի կողմից: Որտեղ մատը դնում էր, ստորագրում էի»,- պատմում է Հարությունը:

Նա վստահեցնում է, որ չի իմացել վարկի իրական գումարի մասին, որը եղել է ոսկու արժեքի մինչև 140%-ի չափով, ինչպես նաև չի իմացել, որ երաշխավոր է երկու այլ վարկառուների համար: Նրանց հետ ծանոթացել է միայն այն ժամանակ, երբ գործն արդեն դատարանում էր:

Ոստիկանության նախկին աշխատակից Արտուշ Մաթևոսյանի արարքներում ՀՔԾ-ն տարիներ առաջ հանցակազմ չէր տեսել և եզրակացրել էր, որ նա ընդամենը կատարել է Սոս Սաֆարյանի խնդրանքը։ Արտուշն այլևս Հայաստանում չէ, համաքաղաքացիներն ասում են, որ մեկնել է Ռուսաստան:

Քրեական գործով ամբաստանյալը՝ Սոս Սաֆարյանը, դատարանում ընդունել է մեղադրանքը: Գործի նյութերի համաձայն՝ նա բանկից ստացել է 686 մլն 559 հազար դրամ: Մի մասը հաջորդող ամիսներին վճարել է: Գործով տուժող 77 քաղաքացիներին բանկի կողմից ներկայացվող պարտքը հասնում է 215 մլն դրամի (յուրաքանչյուրը՝ մոտ 2.8 մլն դրամ), եթե չհաշվենք մյուս պարտավորությունները, որ ունեն որպես երաշխավորներ:

Շարունակությունը՝ hetq.am

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել