ԵՊՀ աշխատողների աշխատավարձը պետք է բարձրացնել. արհեստակցական կազմակերպություն
10:36 - 30 հոկտեմբերի, 2019

ԵՊՀ աշխատողների աշխատավարձը պետք է բարձրացնել. արհեստակցական կազմակերպություն

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը, նպատակ ունենալով բարելավել ԵՊՀ բոլոր աշխատողների սոցիալական վիճակը եւ հաշվի առնելով, որ մինչեւ տարեվերջ սպասվում են ԵՊՀ եկամուտների եւ ծախսերի 2020 թ. նախահաշվի (բյուջեի) քննարկումն ու հաստատումը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից, առաջարկել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարին եւ հոգաբարձուների խորհրդի անդամներին 2020 թ. հունվարի 1-ից բարձրացնել ԵՊՀ բոլոր աշխատողների հիմնական աշխատավարձը:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը առաջարկել է ԵՊՀ 2020 թ. բյուջեում շուրջ 1(մեկ) միլիարդ ՀՀ դրամով ավելացնել ԵՊՀ կոլեկտիվի անդամների (պրոֆեսորադասախոսական անձնակազմ, ժամավճարային հիմունքներով դասավանդողներ, վարչական անձնակազմ, ուսումնաօժանդակ անձնակազմ, սպասարկող եւ այլ անձնակազմ) հիմնական աշխատավարձին ուղղված միջոցները, ինչն ենթադրում է շուրջ 20 տոկոս հիմնական աշխատավարձի բարձրացում:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը մատնանշել է աշխատավարձին ուղղված միջոցների ավելացման հնարավոր ուղիները, այն է վարձավճարները (ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2019 թ. սկսվել եւ հաջորդ տարիներին եւս դիտարկվում է շրջանավարտների՝ հետեւաբար դիմորդների թվաքանակի էական աճ), ՀՀ պետական բյուջեից ստացվող լրացուցիչ ֆինանսավորման եւ այլ եկամուտների ավելացումը, ինչպես նաեւ ԵՊՀ բյուջեի որոշ հոդվածների (ապրանքանյութական պաշարների ձեռքբերման ծախսեր, հիմնանորոգման եւ շինարարության ծախսեր, գործուղման ծախսեր, ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման ծախսեր եւ այլն) կրճատումները:

Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում տարբեր ոլորտների աշխատողների աշխատավարձերի բարձրացման ֆոնին ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը խիստ կարեւոր է Հայաստանի Մայր բուհի պրոֆեսորադասախոսական եւ այլ տարակարգերի աշխատողների աշխատավարձերի անհապաղ բարձրացումը, հատկապես, երբ ԵՊՀ կոլեկտիվի անդուլ աշխատանքի շնորհիվ տարիների ընթացքում կուտակվել են ռեզերվային (պահուստային) ֆինանսական միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռում այս հարցում գործել առավել համարձակ եւ չխաթարելով ԵՊՀ ռազմավարական զարգացման ծրագրերի իրականացումն ու ԵՊՀ բնականոն աշխատանքը՝ շուրջ 20 տոկոսով ավելացնել ԵՊՀ բոլոր աշխատողների հիմնական աշխատավարձը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել