18-ամյա Հասմիկն այս տարի ընդունվել է Երեւանի պետական համալսարան եւ ուսումնական տարվա սկզբում իր ուսանողական էլեկտրոնային փոստի հասցեին ստացել ֆակուլտետից ուղարկված ռեկտորի հրամանը՝ այն մասին, որ 2023-2024 թթ ուստարվա առկա ուսուցման 1-ին կուրսի անվճար համակարգ ընդունվածներին սեպտեմբերի 1-ից հատկացվելու է կրթաթոշակ։ Նրան տրամադրվել է նաեւ համալսարանի կողմից բացված բանկային քարտ՝ կրթաթոշակը ստանալու նպատակով։
Օրեր անց, սակայն, Հասմիկը եւ անվճար համակարգ ընդունված նրա կուրսընկերները Ուսանողական խորհրդի հայտարարությունից տեղեկացել են, որ իրականում կրթաթոշակակիր չեն, քանի որ ուսումնական տարվա նախաշեմին Կառավարությունն օրենսդրական փոփոխություններ է կատարել։ Ֆակուլտետից այդ մասին իրազեկում, սակայն, այլեւս չի եղել։
Այս տարվա օգոստոսի 24-ին Կառավարությունը փոփոխել է բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի եւ մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափն ու պայմանները։ Եթե նախկինում պետական բոլոր բուհերի բոլոր բաժիններում պետպատվերով, ինչպես նաեւ գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողներն էին ստանում կրթաթոշակ, այժմ սահմանվել է պետության համար առաջնային եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկ, որոնք սովորելու դեպքում միայն ուսանողը կդառնա կրթաթոշակակիր։
Այս տարվանից կրթաթոշակակիր են Մանկավարժական համալսարանի 11 կրթական ծրագրերում սովորողները միայն
Պետության համար առաջնային եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկում ներառվել է բացառապես Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի՝ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկակական, այլ կերպ ասած՝ ԲՏՃՄ (STEM) ուղղություններով մասնագիտական մանկավարժության 11 կրթական ծրագիր։ Դրանք են՝ ֆիզիկա, տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն, ինֆորմատիկա, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, մաթեմատիկա-ֆիզիկա, մաթեմատիկա-ինֆորմատիկա, կենսաբանություն-քիմիա, աշխարհագրություն-բնագիտություն։
Այսինքն՝ այս տարվանից պետական կրթաթոշակակիր են Մանկավարժական համալսարանի վերոնշյալ բաժինների առկա համակարգի բակալավր եւ մագիստրատուրա ընդունված ուսանողները միայն (հեռակաները նախկինում էլ կրթաթոշակակիր չեն եղել, իսկ ասպիրանտների կարգը չի փոխվել), իսկ մյուս համալսարանների այս կամ այլ բաժիններում պետպատվերով սովորողները այսուհետ չեն ստանալու կրթաթոշակ (բացառությամբ մինչև 2023-2024 ուստարվա ընդունվածների)։
Այս ուսումնական տարում կրթաթոշակ են ստանալու Մանկավարժական համալսարանի հիշյալ բաժիններում սովորող բոլոր ուսանողները, հաջորդ տարվանից գործելու է առաջադիմության շեմ։
Կատարված փոփոխությամբ կրթաթոշակի չափն ավելացել է միջինում 13 անգամ։ Առաջին կուրսում հիշյալ մասնագիտություններ սովորող բոլոր ուսանողները կստանան 70 հազար դրամ, հաջորդ կուրսերում նախորդ ուստարվա արդյունքներով միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 80,01-90,00% ՄՈԳ ունեցողները՝ 70 հազար, իսկ 90,01% եւ բարձր ՄՈԳ ունեցողները՝ 77 հազար։
Նոր որոշմամբ անդրադարձ կա նաեւ հաշմանդամություն ունեցող եւ առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան սովորողների կրթաթոշակների կարգին։ Տարբեր հիմքերով կրթաթոշակի միաժամանակ հավակնելու դեպքում սովորողը կարող է օգտվել միայն մեկից, որի դեպքում կիրառվում է կրթաթոշակի առավելագույն չափը:
Կառավարության այս որոշումն ուժի մեջ է մտել այս տարվա օգոստոսի 25-ին։
5000-ական դրամ կրթաթոշակների կարգը գործում է միայն մինչեւ 2023-2024 ուստարին ընդունվածների համար
Մինչեւ հիշյալ օրենսդրական փոփոխությունը բուհերում կրթաթոշակների կարգը եւ չափը սահմանվում էր ՀՀ վարչապետի՝ 1999 թ․ N 217 եւ ՀՀ կառավարության 2006 թ․ N 1183-Ն որոշումներով։
Դրանց համաձայն՝ ուսանողներին պետական կրթաթոշակ էր տրվում գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար (արվեստի բնագավառի բուհերում` նաեւ մասնագիտական մրցույթ-ստուգատեսների հաղթողներին), ինչպես նաեւ նպատակային ուսուցմամբ սովորող սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին:
Բակալավրում պետպատվերով սովորող ուսանողների կրթաթոշակի չափը 5000 դրամ էր, ավարտական կուրսերի ուսանողներինը` 5200, իսկ մագիստրոսներինը` 5500: Քննաշրջանի ավարտին միայն «գերազանց» գնահատականներ ունեցող պետպատվերով սովորող ուսանողների կրթաթոշակի չափը 6050 դրամ էր, ավարտական կուրսերի ուսանողներինը եւ մագիստրոսներինը` 6300։
Կրթաթոշակների այս կարգը այժմ գործում է միայն 2023-2024 ուստարվանից առաջ ընդունվածների համար։
Ըստ նախագծի հիմնավորումների՝ կրթաթոշակների համար բյուջեից հատկացումները նպատակային չեն եղել
Օրենսդրական այս փոփոխության հիմնավորումներում, որ հեղինակել է Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը, նշված է, որ բարձրագույն եւ մասնագիտական կրթության ոլորտում կրթաթոշակների համար պետական բյուջեից հատկացվում են զգալի միջոցներ, սակայն դա նպատակային չի համարվում եւ խթան չի հանդիսանում սովորողների առաջադիմության ու կրթական արդյունքի բարելավման համար՝ հաշվի առնելով, որ մեկ ուսանողին հատկացվող կրթաթոշակի չափը տատանվում է 4000-5000 դրամի սահմաններում (մինչեւ 5000 դրամ կրթաթոշակը վերաբերում է միջին մասնագիտական եւ նախնական արհեստագործական ուսումնական հաստատություններին)։
Ըստ հիմնավորումների՝ կրթաթոշակի տրամադրման նոր պայմաններն ու չափերը կնպաստեն ՀՀ տնտեսությունը եւ աշխատաշուկան նոր եւ որակյալ կադրերով ապահովելուն, ինչպես նաեւ համապատասխան բուհերի՝ հիշյալ մասնագիտություններով ընդունելության տեղերի մրցակցության եւ գրավչության բարձրացմանը։
Կառավարության նիստում՝ նախագծի քննարկման ժամանակ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնագիտությունների ընտրությունը պայմանավորել է դրանց ցածր պահանջարկով․ «Վերջին տարիներին մենք ունենք շատ մտահոգիչ ցուցանիշներ. գրեթե ոչ ոք չի դիմում այս ուղղություններով ուսուցիչ դառնալու համար, միեւնույն ժամանակ ոլորտում ուսուցիչների միջին տարիքը ցույց է տալիս, որ առաջիկայում մենք կարիք ենք ունենալու մեծ թվով նոր, երիտասարդ ուսուցիչների»,- ասել է նա։
Կրթաթոշակների նոր չափը, Անդրեասյանի խոսքով, էական ազդեցություն կունենա ԲՏՃՄ ուղղություններով սովորող ուսանողների թվի աճի վրա՝ հաշվի առնելով հատկապես այն, որ նրանց մեծ մասը մարզաբնակ են եւ լրացուցիչ սոցիալական խնդիրներ կարգավորելու կարիք են ունենում։
Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից մեր ստացած տվյալների համաձայն՝ 2023-2024 թթ ուստարում հիշյալ մասնագիտությունների կրթաթոշակների համար պետբյուջեից տրամադրվել է 181 միլիոն 440 հազար դրամ։ Այս տարի բակալավրում բոլոր 11 մասնագիտություններին հատկացվել է 348 տեղ, որից համալրվել է 64-ը, իսկ մագիստրատուրայում՝ 7 մասնագիտություններին (տեղեր չեն հատկացվել Մաթեմատիկա-Ֆիզիկա, Մաթեմատիկա-Ինֆորմատիկա, Կեսաբանություն-Քիմիա, Աշխարհագրություն-Բնագիտություն ծրագրերին)՝ 224 տեղ, որից համալրվել է 170-ը։
Մանկավարժականան համալսարանի՝ մասնագիտական մանկավարժություն կրթական ծրագրերի բակալավրի ընդունելության արդյունքները 2023-2024 թթ ուստարում
Մանկավարժականան համալսարանի՝ մասնագիտական մանկավարժություն կրթական ծրագրերի մագիստրատուրայի ընդունելության արդյունքները 2023-2024 թթ ուստարում
Ֆինանսների նախարարությունը նախագծի վերաբերյալ բացասական կարծիք է հայտնել
Նախագծի քննարկման փուլում` գերատեսչությունները տարբեր առաջարկություններ եւ դիտարկումներ են ներկայացրել փոփոխության վերաբերյալ։ Դրանց մի մասն ընդունվել է ամբողջությամբ, մի մասը՝ մասամբ, մի մասն էլ մերժվել է։ Ըստ նախագծի ամփոփաթերթի՝ չհաղթահարված է մնացել միայն Ֆինանսների նախարարության բացասական կարծիքը։
Ամփոփաթերթում Ֆիննախի կարծիքն ամբողջությամբ ներառված չէ, նշված է միայն, որ նախարարությունը նախագիծը խնդրահարույց, իսկ դրա հետագա քննարկումը ոչ նպատակահարմար է համարել՝ նախքան վերոհիշյալ հարցերի համակողմանի ուսումնասիրությունն ու հստակեցումը:
«Վերոհիշյալ հարցերի» բովանդակությանը ծանոթանալու համար դիմել ենք Ֆինանսների նախարարությանը եւ ստացել նախագծի վերաբերյալ կարծիքն ամբողջությամբ։
Ըստ այդմ, Ֆինանսների նախարարությունը նշել է, որ բացահայտված չեն կրթաթոշակի չափերի ձեւավորման սկզբունքները, իսկ առաջարկվող կրթաթոշակի չափերի փոփոխությունը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից տարեկան կտրվածքով լրացուցիչ մոտ 1.3 մլրդ դրամի հատկացման անհրաժեշտության, ինչը անհարկի կմեծացնի այդ մասնագիտությունների գծով կրթական ծախսերը՝ առանց ցանկալի արդյունքների եւ արդյունավետության ապահովման:
Ֆիննախը նշել է նաեւ, որ պարզ չէ, թե կրթաթոշակի ավելացման առաջարկությունն ինչպես է ազդելու այդ մասնագիտությունների գծով ընդունելության ցուցանիշների լավարկման եւ համապատասխան մասնագիտությունների գծով շուկայի պահանջարկի բավարարման վրա․ «Ուսանողության շրջանում նշված մասնագիտությունների գծով կրթություն ստանալու ցածր պահանջարկը, մեր կարծիքով, առհասարակ կրթաթոշակի ոչ գրավիչ լինելու մեջ չէ, այլ տվյալ մասնագիտությունների գծով բուհերի կողմից տրամադրվող գիտելիքների եւ իրական հատվածում ներկայիս տնտեսության պահանջներին դրանց մասնագիտական որակավորման անհամապատասխանությունը, կամ էլ աշխատաշուկայում այդ մասնագիտությունների նկատմամբ պահանջարկի ցածր մակարդակը, և որպես արդյունք՝ նշված մասնագիտությունների ոչ գրավիչ/մրցունակ աշխատավարձերը»,- ասված է կարծիքի մեջ։
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ «բոլորին տալ մի բան, որը ոչ մեկի համար ոչ մի բան է» քաղաքականությունը, ըստ էության, փոխարինում են ավելի թիրախային ծախսերի տրամաբանությամբ։
ԵՊՀ առաջին կուրսի ուսանող Հասմիկը, սակայն, այն կարծիքին է, որ կլինեին ուսանողներ, որոնց այդ՝ թեկուզ չնչին գումարը օգտակար կլիներ։ Ըստ նրա՝ եթե անգամ ֆինանսական առումով գլոբալ փոփոխություններ չբերեր, առնվազն իր եւ իր կուրսընկերների համար մոտիվացիայի առիթ կլիներ։
Նախագծի վերաբերյալ անհամաձայնություն է հայտնել նաեւ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահությունը՝ նշելով, որ դիմել է ԵՊՀ գիտական խորհրդի սովորող անդամներին՝ խնդիրը ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստում քննարկելու համար։
ԵՊՀ-ն օրերս առաջարկությունների նախագիծ է ներկայացրել Կառավարությանը
Նոյեմբերի 16-ին կայացել է ԵՊՀ գիտական խորհրդի նիստը։ ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ Խորհուրդը հաստատել է առաջարկությունների նախագիծ, որը նոյեմբերի 28-ին ուղարկել է Կառավարություն։
Նախագծով ԵՊՀ ԳԽ-ն առաջարկել է, որ վերոնշյալ 11 մասնագիտություններից բացի պետական կրթաթոշակ սահմանվի Կառավարության նախկին որոշման պայմաններին բավարարող բոլոր ուսանողների համար, եւ այդ որոշմանը տրվի հետադարձ ուժ, որ փոխհատուցվի 2023 թ․ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների կրթաթոշակը։
Դրանից բացի, առաջարկել է սահմանաչափերը նախատեսելիս վերանայել նախկին որոշմամբ սահմանված պետական կրթաթոշակի չափը՝ էականորեն լավարկելով այն եւ ներդնելով պետական կրթաթոշակի սահմանաչափի հաշվարկման համապատասխան սկզբունքներ։
«ԳԽ առաջարկությունների համար հիմք են հանդիսացել իրավական փաստաթղթեր, այդ թվում՝ № 1183-Ն որոշումը, որը սահմանում է պետական կրթաթոշակներից օգտվելու ընդհանուր պայմանները՝ հստակ նախատեսելով կրթաթոշակի տրամադրումը նշված համակարգում սովորող բոլոր ուսանողների համար, մինչդեռ № 1430-Ն և № 217 որոշումները սահմանում են այդ կրթաթոշակի սահմանաչափերը՝ ի կատարումն № 1183-Ն որոշման: Հետևաբար ներկայումս № 1183-Ն որոշման համաձայն՝ բոլոր ուսանողներն ունեն այդ կրթաթոշակից օգտվելու իրավունք, սակայն ՀՀ Կառավարությունը չի սահմանել այն սահմանաչափը (բացառությամբ հիշյալ 11 մասնագիտությունների), որի համատեքստում մյուս կրթական ծրագրերում սովորող ուսանողները 2023-2024 թթ ուստարվանից սկսած պետք է իրացնեն պետական կրթաթոշակ ստանալու իրենց իրավունքը»,- հայտնեց ԵՊՀ խոսնակը։
Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ ԵՊՀ «Կրթաթոշակի մասին» հրամանի ընդունումը, որ ստացել է ուսանողը, եղել է անճշտության հետեւանք։ Մեկ այլ հրամանով այն համարվել է անվավեր։
Կրթության փորձագետը ընտրված լուծումը ոչ ամբողջական է համարում
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ այս քաղաքականությունը պետք է ամբողջական շղթայով վարել։
«Ենթադրենք՝ այդ ուղղություններին տվեցինք կրթաթոշակ, մարդը եկավ, անվճար սովորեց, 70-80 հազար կրթաթոշակ ստացավ ու գնաց՝ այլ ոլորտում աշխատելու, ի՞նչ է ստանալու կրթության ոլորտը այս ամենից»,- հարց է բարձրացնում փորձագետը՝ նշելով, որ ավարտելուց հետո մասնագիտությամբ աշխատել պարտադրելը եւս ժամանակակից աշխարհում կենսունակ մեթոդ չէ։
Խաչատրյանի խոսքով՝ հավանականություն, որ սովորողներից մի քանիսը կաշխատեն կրթության ոլորտում, կա, բայց դա լիարժեք չէ։ Այս ձեւով, ըստ նրա, կարող է Մանկավարժական համալսարանի ուսանողների թիվը ավելանալ, ինչը պարտադիր չի նշանակի, որ նաեւ ուսուցիչների թիվը կավելանա։
Սերոբ Խաչատրյանը մեկ այլ հարց էլ է բարձրացնում․ կրթաթոշակի ընտրված չափը հավասար է դպրոցում մեկ դրույքով աշխատող ուսուցիչների աշխատավարձին, ինչը եւս ճիշտ չէ։ Լուծումը, ըստ նրա, աշխատաշուկայում ուսուցչի աշխատավարձը մրցակցային դարձնելու մեջ է․ «Եթե ուզում ենք, որ մարդիկ գլուխ ջարդեն մանկավարժ դառնալու համար, այս ոլորտում էլ պետք է աշխատավարձի, սոցիալական երաշխիքների հարց լուծենք, այսինքն՝ մի քանի բան զուգահեռաբար անենք, միայն կրթաթոշակով չի լինի, կրթաթոշակը դրա մի մասն է»,– ասում է փորձագետն ու նշում՝ որ մարդուն նախ հետաքրքիր է, թե որքան է վարձատրվելու՝ տվյալ մասնագետը դառնալով։ Խաչատրյանն ընդգծում է՝ այսօր ուսանողը պատրաստ է լինում նույնիսկ 1 միլիոն դրամ ուսման վարձ վճարել, եթե իր մասնագիտացումը հետագայում ապահովելու է բարձր վարձատրություն։
Մեկ այլ խնդիր էլ, ըստ Սերոբ Խաչատրյանի, այն է, որ կրթաթոշակի բարձրացումը տեղի է ունեցել մյուս ուսանողներին կրթաթոշակից զրկելու հաշվին։ Փորձագետի կարծիքով՝ միգուցե ֆինանսական ռեսուրսների անբավարարության պատճառով է կրթաթոշակ հատկացվել միայն մեկ բուհի, բայց այնպես չէ, որ մասնագետների պակասի խնդիրը միայն մանկավարժությանն է վերաբերում. այն առկա է թե՛ հումանիտար, թե՛ բնագիտական ոլորտներում։
Ըստ նախագծի ամփոփաթերթի՝ վարչապետի աշխատակազմի դիտարկումներին ի պատասխան՝ ԿԳՄՍՆ-ն նշել է, որ ընդունելության մրցույթի արդյունքների ամփոփումից հետո ընդհանուր համատեքստում կքննարկվի մասնագիտությունների ցանկի վերանայման հարցը: ԿԳՄՍՆ-ին ուղղված գրավոր հարցմամբ խնդրել ենք հայտնել՝ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո այդ հարցն արդյո՞ք քննարկվել է։ Եթե այո, ի՞նչ եզրահանգման է եկել նախարարությունը եւ ի՞նչ հիմնավորմամբ, իսկ եթե ոչ, ե՞րբ է պատրաստվում քննարկել։
Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից այս հարցին հստակ պատասխան չի տրվել։ Կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հայտնել է, որ բարձրագույն կրթության ոլորտն այժմ բարեփոխումների ընթացքի մեջ է․ «2022թ. դեկտեմբերի 17-ին ուժի մեջ է մտել «ՀՀ կրթության մինչեւ 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը, որից բխող գործողությունների ծրագրում, ի թիվս այլնի, ամրագրված են հետեւյալ միջոցառումները. բարձրագույն եւ մասնագիտական կրթություն ստանալու համար ֆինանսական աջակցության նոր մեխանիզմների մշակում եւ բազմազանեցում, այդ թվում՝ կրթաթոշակների տրամադրման մեխանիզմների էական լավարկման միջոցով, ինչպես նաեւ բարձր առաջադիմություն ցուցաբերող, սակայն սոցիալապես անապահով կամ վճարունակության ոչ բավարար մակարդակ ունեցող ուսանողներին պետական կրթաթոշակների տրամադրում եւ փոխհատուցում՝ բացառելով անվճարունակության պատճառով նման ուսանողների՝ բուհական կրթական համակարգից դուրս մնալու դեպքերը»,- ասված է պատասխանում։
Գլխավոր նկարի ետնապատկերը՝ ԵՊՀ ֆեյսբուքյան էջից
Միլենա Խաչիկյան
comment.count (0)