Էս շոգին պատուհանները փակում ենք ու նստում. խոզաբուծարանի դեմ բողոքող մարմարաշենցիները բացեցին ճանապարհը՝ խնդրի լուծման համար 1 շաբաթ ժամանակ տալով |tert.am|
13:06 - 15 հունիսի, 2019

Էս շոգին պատուհանները փակում ենք ու նստում. խոզաբուծարանի դեմ բողոքող մարմարաշենցիները բացեցին ճանապարհը՝ խնդրի լուծման համար 1 շաբաթ ժամանակ տալով |tert.am|

tert.am: Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում՝ ի նշան բողոքի, համայնքի բնակիչները ժամեր շարունակ փակ պահեցին Երևան-Արտաշատ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն համայնքից դեպի Մխչյան գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհը։

Նրանք դժգոհում են գյուղի գարշահոտությունից, որը, ըստ նրանց, տարածվում է Մարմարաշենում գործող խոզաբուծարանից, որի սեփականատերը, համայնքի բնակիչների տեղեկություններով, ԲՀԿ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանն է։

«Մոտ 3 տարի է՝ խուզաբուծարան են հիմնել, ու մենք բողոքում են գարշահոտությունից, նորմերին չհամապատասխանող իրենց աշխատելաոճից։ Տարբեր տեղերից գալիս են տուգանում են և այլն, բայց լուծում չկա, դրա համար ճանապարհ ենք փակել, որ մեր ձայնը լսելի լինի»,- ասաց Մարմարաշենի բնակիչ Միսակ Գրիգորյանը։

Վերջիս պնդեց, որ նույնիսկ իրենց սեփական տանը նստած չեն կարողանում հանգիստ շնչել՝ խոզաբուծարանի հոտը տարածվում է, նույնիսկ ամռանը ստիպված են պատուհանները փակ նստել։

«Իրանք կանալիզացիա չունեն, որ աշխատանքն այնպես կազմակերպեն, որ մեզ նեղություն չտա։ Գնում բողոքում ենք, ասում՝ հոտը մեզ խանգարում է, մոտիկ կանալիզացիան փակում են ու էն մյուս առվով են թողնում, բայց այնտեղից էլ է հետո գալիս է։ Գալիս են ասում են՝ բա, գյուղա, գյուղի հոտ պետք է գա։ Այսօր գիտեին, որ լրագրողներ են գալու ու մի քիչ տարածքը մաքրել են»,- շարունակեց Գրիգորյանը

Մարմարաշենցիների խոսքով՝ խնդրին ծանոթ է նաև Արարատի մարզպետը, ավելին՝ Կարապետյանին մարզպետարանից նույնիսկ տուգանել են։

«Մարզպետարանին դիմել ենք, բոլոր համապատասխան վարչություններից եկել են ու օրենքով սահմանված կարգով 300 հազար տուգանել ու գնացել են։ Բայց 300 հազար դրամը նման գործունեություն ծավալած մարդու համար ոչ մի բան է, 300 հազար դրամ իրան կարաս ամիսը 2 անգամ տուգանես ու առանց ախ քաշելու մուծի ու գործունեությունը շարունակի։ Բայց ես չեմ կարա էս պայմաններում ապրեմ ու երեխա մեծացնեմ, ամբողջ հոտը տանն է, նույնիսկ առավոտյան հագնվում ես, որ աշխատանքի գնաս ու էդ հոտն արդեն կպած է քեզ»,- նշեց Միսակ Գրիգորյանը։

Բնակիչները պնդում են՝ գյուղի գարշահոտությունը վնասում է նաև իրենց և երեխաների առողջությանը՝ ոմանց մոտ ալերգիա է առաջացնում, ոմանք՝ թունավորվում են։ Մարմարաշենի բնակիչ Արմեն Աբրահամյանն էլ, համաձայնելով համագյուղացու հետ, շեշտեց, որ նույնիսկ հաց չեն կարողանում ուտել գարշահոտություն պատճառով։

Համայնքի բնակիչների ակցիային էր միացել նաև Մարմարաշեն համայնքի ղեկավար Էդվարդ Հակոբյանը։ Ի վերջո, ցուցարարները բացել են ճանապարհն, այնուհետ հանդիպել խոզաբուծարանի սեփականատեր ներկայացած անձի հետ։ Որոշվել է, որ մեկ շաբաթվա ընթացում կփորձեն խնդրին լուծում տալ, բայց բացառապես օրենքի շրջանակում։ Համայնքի բնակչները վստահեցրեցին, որ խնդրի չկարգավորման դեպքում իրենք հաջորդ շաբաթ ամբողջ գյուղով կրկին կփակեն ճանապարհը, ավելին՝ չեն բացի այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրն հստակ լուծում չի տրվի։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել