«Լիդիան»-ը հեռացվել է Տորոնտոյի ֆոնդային բորսայի ցուցակներից. սա մեր բնապահպանների համար հաջողություն է |armtimes.com|
15:07 - 07 փետրվարի, 2020

«Լիդիան»-ը հեռացվել է Տորոնտոյի ֆոնդային բորսայի ցուցակներից. սա մեր բնապահպանների համար հաջողություն է |armtimes.com|

armtimes.com:  «Լիդիան» ընկերությունը հեռացվել է Տորոնտոյի ֆոնդային բորսայի ցուցակներից վերջինիս պահանջներին չհամապատասխանելու պատճառով. այս մասին հաղորդում է «Հայկական բնապահպանական ճակատ»-ը: Ի՞նչ է սա նշանակում Ամուլսարի համար, որի ոսկեբեր կվարցիդի հանքավայրի շահագործման թույլտվությունն է ստացել «Լիդիան»-ը. այս մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է փաստաբան, էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանի հետ:

««Լիդիան»-ին դեկտեմբերից դուրս էին բերել Տորոնտոյի բորսայի ցուցակներից՝ արգելել էին վաճառել բաժնետոմսեր և տեղեկացրել էին, որ հարցը վերջնական կլուծվի փետրվարի 5-ին: Հիմա, փաստորեն, վերջնականապես որոշել են»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով, սա հարված է ընկերության շահույթներին, քանի որ «Լիդիան»-ը, թեպետ իր բաժնետոմսերի անուղղակի վաճառք կարող է իրականացնել, սակայն չի կարող նախկինի պես օգտվել բորսայի արտոնյալ պայմաններից, սակարկել: «Հիմա իրենք դիմել են Տորոնտոյի դատարան՝ պաշտպանվելով սնանկությունից, բայց դա էլ ժամկետ ունի՝ մինչև մարտի 2-ը: Դրանից հետո պարտատերերը կարող են իրենց պահանջները ներկայացնել, և եթե ներկայացնեն, կսնանկանա, քանի որ պահանջները ավելի շատ են. այսինքն՝ իրենց պասիվներն ավելի շատ են, քան՝ ակտիվները»,- նշեց իրավաբանը:


Բնապահպանները սա համարում են էական միջանկյալ հաղթանակ: Այս որոշումն առանցքային ազդեցություն կունենա՞ Ամուլսարի հանքի թնջուկի հարթման համար՝ հարցին ի պատասխան Վարդանյանն ասաց. «Սա մեր բնապահպանների համար հաջողություն է, սակայն բնապահպանների և «Լիդիան»-ի բարձրացրած խնդիրների լուծման ուղղությամբ իրապես պետք են մեր պետության, իրավապահ մարմինների քայլերը: Այս որոշումը լուրջ ֆինանսական խնդիր է «Լիդիան»-ի համար»:

Հնարավո՞ր է, որ «Լիդիան»-ը փորձի սնանկությունից փրկվել մեր պետությանը դատի տալով. փաստաբանը նշեց, որ հնարավոր է, և նման քայլի հաջողության հավանականությունը մեծապես կախված է մեր պետության քայլերից: «Բնապահպանները հայտնաբերել են մի շարք կոռուպցիոն կապեր, սակայն դրանք պետք է ապացուցվեն իրավապահ մարմինների կողմից: Մեր պետությունը 450 հազար տրվեց «Էլարդ»-ին փորձաքննության համար, և դրա փորձաքննության մեջ նշված է, որ «Լիդիան»-ը կեղծ, սխալ տեղեկություններ է ներկայացրել, ոչ արժանահավատ, ոչ բավարար, բայց մեր կառավարությունն այդքան գումար ծախսեց ու գնահատական չտվեց: Հիմա «Լիդիան»-ը, օգտվելով առիթից, որ չտրվեց գնահատական որ, փորձագիտությամբ, իրոք, ապացուցում է իրենց գործունեության անօրինականությունը, ինքն է Տորոնտոյի դատարանում ներկայացնում, թե ամեն ինչ իրենց օգտին է գրվել: Նաև՝ տարբեր մարդիկ տարբեր մակարդակներով հայտարարություններ են արել հօգուտ այդ ընկերության, հաշվարկներ են արել, թե ինչքան գումար կտանեն. սովորաբար դատավարության մեջ կողմը հակառակ կողմի օգտին հայտարարություններ չի անում և ինչ-որ խորհուրդներ չի տալիս: Իսկ այս ամենը հետագայում կարող է օգտագործվել մեր դեմ»:

Նազելի Վարդանյանը նշեց նաև, որ «Լիդիան»-ը վիճարկում է տեսչական մարմնի արդեն երկրորդ ակտը. առաջինով որոշվել էր պարտավորեցնել «Լիդիան»-ի տնօրենին, որ նա ձեռնպահ մնա որևէ գործունեություն իրականացնելուց Ամուլսարում, երկրորդում նշված է, որ Ամուլսարում ապօրինի հանքարդյունահանություն է արվել: «Սակայն դատական գործընթացին տեսչական մարմնից ոչ ոք չի մասնակցել. առաջին դեպքում արդեն իսկ ի վնաս տեսչական մարմնի է որոշում կայացվել, հիմա էլ երկրորդն է, որին նորից իրենք չեն ներկայացել, և կրկին կլինի ի վնաս մեր երկրի, մեր ժողովրդի: Կամ համաձայնության են եկել «Լիդիան»-ի հետ, կամ չգիտեմ՝ ինչ են անում, նման բան իմ պրակտիկայում առաջին անգամ եմ տեսնում: Գոնե ձևական գնում-պաշտպանում են իրենց շահերը: Հիմա ամենը լուծվում է ի վնաս պետության և ժողովրդի շահի, մինչդեռ տեսչությունն արդեն արել էր, ինչ պետք էր՝ կար և՛ ակտ, և՛ որոշում, ուղղակի պետք էր պահել դրանք»,- ասաց փաստաբանը:

Դեռ 1.5 տարի առաջվանից «Լիդիան»-ը կարող էր դիմել միջազգային արբիտրաժի դատարան, ինչո՞ւ չեն դիմել, հաղթելու հավանականությո՞ւնն է փոքր. իրավաբանի դիտարկմամբ՝ արբիտրաժի համար մեծ գումարներ են պետք. այն բարդ, երկարատև, ծախսատար գործընթաց է: «Հավանականությունը շատ փոքր է, որ նրանք կարող են անցնել այս գործընթացով: Բայց ցանկացած պարագայում մենք պիտի պատրաստ լինենք, մինչդեռ ոչինչ չի արվում»: Ըստ նրա՝ պետք է իրավապահ մարմինները ապացուցեն, որ «Լիդիան»-ին տրված թույլտվությունները նախկին կառավարության անօրինական որոշումների արդյունքում ստացված անօրինական թույլտվություններ են: «Այստեղ հիմնականում նախկին կառավարության մեղքն է: Եվ իրավական հիմքերը կային, որ Շրջակա միջավայրի նախարարությունն ուժը կորցրած ճանաչեր թույլտվությունը: Իրավական մարմինները հազար գործ կարող էին հարուցել: Գոնե հիմա պիտի մի բան արվի, տեսչական մարմինը գոնե հիմա պետք է բողոքարկի»,- ընդգծեց նա:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել