Կոչ ենք անում իշխանությանը դադարեցնել հակասահմանադրական ընթացքը. ՀՅԴ Հայաստանի ԳՄ
06:39 - 17 սեպտեմբերի, 2019

Կոչ ենք անում իշխանությանը դադարեցնել հակասահմանադրական ընթացքը. ՀՅԴ Հայաստանի ԳՄ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է անում իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերին դադարեցնել հակասահմանադրական ընթացքը և զերծ մնալ հակապետական գործողություններից: Այս մասին նշված է ՀՅԴ-ի հայտարարության մեջ:
Այն ներկայացնում ենք ստորև.

«Վերջին ամիսներին, անդրադառնալով դատաիրավական համակարգի շուրջ ծավալվող իրադարձություններին՝ մեր մտահոգությունն էինք հայտնել քաղաքական իշխանության կողմից դատարանների և դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու անթույլատրելիության վերաբերյալ:

Ազգային Ժողովի նախագահի արտահերթ ելույթ-կոչը և ԱԺ Իմ Քայլը խմբակցության ղեկավարի հայտարարությունը ոչ միայն եկան հաստատելու մեր մտահոգությունը, այլև ամրագրելու այն իրողությունը, որ իշխող քաղաքական ուժը որդեգրել է ամբողջական մենիշխանություն հաստատելու և սահմանադրական կարգի տապալման ուղին:

Հանրային պահանջի անվան տակ, իսկ իրականում առաջնորդվելով սեփական շահերով՝ պետության ինստիտուցիոնալ հենքը կազմաքանդող, երկրում անհանդուրժողականությունն ու ցնցումները խորացնող այս վարքագիծը ոչ մի աղերս չունի ժողովրդավարության հետ:

Դատական համակարգի յուրացման նպատակադրումը անհամատեղելի է երկրին այդքան անհրաժեշտ դատաիրավական համակարգի բարեփոխումների հետ:

Դաշնակցությունը, լինելով հայ ժողովրդի ներկայի և ապագայի համար պատասխանատու քաղաքական ուժ՝ Հայոց պետականությանը սպառնացող ներկա ընթացքը գնահատում է խիստ վտանգավոր:

  • Իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերին կոչ ենք անում՝ դադարեցնել հակասահմանադրական ընթացքը և զերծ մնալ հակապետական գործողություններից:

  •  Կոչ ենք անում դատավորներին՝ հավատարիմ մնալ սահմանադրությամբ իրենց վերապահված արդարադատություն իրականացնելու առաքելությանը։

  • Երկրի ապագայի համար հանձնառու քաղաքական ուժերին և հանրությանը կոչ ենք անում համախմբվել իրական ազգային օրակարգերի շուրջ։

  • Համարժեք քայլերով և գործողություններով հակազդելու ենք իշխանությունների բոլոր այն ծրագրերին, որոնք խաթարելու են երկրում Սահմանադրական նորմերի ամբողջականությունը և ներհասարակական կայունությունն ու զարգացումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել