reuters.com: Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը համաձայնեցին, որ կորոնավիրուսի համավարակին պետք է տրվի համաշխարհային համակարգված արձագանք, այդ մասին իրենց առանձին արված հայտարարություններում նշում են Դաունինգ սթրիթն ու Սպիտակ տունը։ Հայտարարությունները հետևեցին 2 առաջնորդների միջև կայացած հեռախոսազրույցին։ 

 Թրամփն ու Ջոնսոնը վերահաստատեցին  G7 և G20 շրջանակներում իրենց սերտ համագործակցությունը, որ նպատակ է հետապնդում վերաբացել համաշխարհային տնտեսությունները ու ապահովել բժշկական օգնության և պարագաների հասանելիությունը բոլոր նրանց, ովքեր դրա անհրաժեշտությունն ունեն։ Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են նաև առևտրին վերաբերող հարցերը։ 

«Առաջնորդները մտադիր են շարունակել համատեղ աշխատանքը՝ ամրապնդելու երկկողմանի հարաբերությունները, ներառյալ ազատ առևտրի մասին պայմանագրի կնքումը հնարավորինս սեղմ ժամկետներում», - հայտնել է Դաունինգ սթրիթի խոսնակը։

Աղբյուրը՝ reuters.com

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի