ՀՔԾ-ն մերժել է Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը |news.am|
09:45 - 14 հունվարի, 2020

ՀՔԾ-ն մերժել է Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը |news.am|

news.am։ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործի հարուցումը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա հանցակազմի բացակայության հիմքով։ Դավիթ Խաժակյանն ասաց՝ հակված են բողոքարկելու, հիմա քննարկումների փուլում են։

«Տպավորությունն այնպիսին է, որ ՀՔԾ-ն ամեն ինչ անում է, որ խուսափի հանցակազմ գտնելուց, բայց այնքան չի ստացվել, որ կան աբսուրդային ձևակերպումներ, որոնք առաջիկայում կվերհանվեն ավելի մանրամասն»,-ասաց Խաժակյանը։

Նրա խոսքով՝ անձանց շրջանակը, որոնք կանչվել են բացատրություն տալու, արդեն իսկ մատնանշում էր, թե ինչ ուղղությամբ է գործը տարվում․ «Ըստ էության կանչել են այն մարդկանց, որոնք այդ ամենը իրականացնողներն են եղել և պետք է ամեն ինչ անեին, որ քողարկեին դա, իսկ այն անձինք, ում ես մատնանշել եմ, որ կարող են լրացուցիչ և կարևոր տեղեկություն հաղորդել, նրանք չեն հրավիրվել»։

Հարցին՝ երբ ինքը հայտարարում է, որ փաստերը շատ հիմնավոր են և գործ չհարուցելու մեկ պատճառ կա՝ քաղաքական որոշումը, հիմա արդյոք սա քաղաքական որոշո՞ւմ էր, նա ասաց․ «Ես այդ մասով հայտարարությամբ հանդես կգամ, բայց այն ձևակերպումները, որ ես տվել եմ, այս որոշմամբ հիմնավորվեցին»։

Անցած տարվա դեկտեմբերի 28-ին Խաժակյանը հաղորդում էր ներկայացրել դատախազություն՝ քաղաքապետի լիազորություններն անցնելու ու պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ:

Նրա խոսքով՝ քաղաքապետ Հայկ Մարությանն արձակուրդ մեկնելիս լիազորությունները փոխանցել էր փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին, սակայն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կարող է լինել միայն քաղաքապետի առաջին տեղակալը՝ Հրաչյա Սարգսյանը: Դավիթ Խաժակյանը ՀՔԾ-ի դիմաց հայտարարեց, որ պաշտոնյան գերազանցել է իր լիազորությունները, և նրա ստորագրած շուրջ 70 իրավական ակտը առոչինչ են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել