Հանրային խորհրդում քննարկել են Ամուլսարի հարցը. աշխատանքային խումբ է ստեղծվել
08:31 - 16 հոկտեմբերի, 2019

Հանրային խորհրդում քննարկել են Ամուլսարի հարցը. աշխատանքային խումբ է ստեղծվել

Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Օրակարգային առաջին հարցը կապված է եղել խորհրդում Ամուլսարի հարցով աշխատանքային խմբի ձեւավորման հետ:

Աշխատանքային խմբի ձեւավորման հարցով տեղի ունեցած քննարկման ժամանակ կարեւորվել է Ամուլսարի շահագործման խնդրի համակողմանի ուսումնասիրությունը եւ կոնկրետ փաստերի վերհանումը, որը կօգնի հարցին մոտենալ հնարավորինս փաստարկված եւ օբյեկտիվ:

Խորհրդի անդամներից կազմված աշխատանքային խումբն առաջիկայում կհամալրվի նաեւ անկախ փորձագետներով եւ ոլորտի մասնագետներով։

Առաջարկ է հնչել, որ ստեղծվող աշխատանքային խումբը զբաղվի ոչ միայն Ամուլսարի հանքի շահագործման, այլեւ առհասարակ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով եւ վերջնական եզրակացությունը Հանրային խորհուրդ ներկայացնի համակարգային մոտեցմամբ:

Նիստի օրակարգի երկրորդ հարցը վերաբերել է հոկտեմբերի 9-11-ը Բուխարեստում տեղի ունեցած Հանրային խորհուրդների միջազգային ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի (AICESIS) արդյունքների վերաբերյալ ՀԽ պատվիրակության անդամների (Գագիկ Եգանյան, Արմեն Տեր-Տաճատյան, Հարություն Մեսրոբյան) կողմից տեղեկատվության տրամադրմանը:

Հարություն Մեսրոբյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել այցի արդյունքները՝ հատկապես առանձնացնելով ասոցիացիայի ղեկավար մարմնի՝ խորհրդի կազմում ՀՀ Հանրային խորհրդի ներկայացուցչին դիտորդի կարգավիճակ շնորհելու փաստը:

Օրակարգի երրորդ հարցը կապված է եղել Հանրային խորհրդի 15 հանձնաժողովներում կատարված աշխատանքների հետ: Հանձնաժողովների նախագահները ներկայացրել են հակիրճ հաշվետություններ ընթացիկ գործունեության վերաբերյալ եւ անդրադարձել առաջիկա անելիքներին:

Հանրային խորհրդի նախագահն ընդգծել է, որ խորհրդի արդյունավետ գործունեությունը կախված է նախեւառաջ հանձնաժողովների ակտիվ աշխատանքից, որտեղ պետք է մասնագիտորեն քննարկվեն, հասունանան եւ Հանրային խորհուրդ ներկայացվեն մեր երկրի ամենատարբեր ոլորտներում առկա խնդիրները եւ հասարակությանը հուզող հարցերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել