Ռոուհանին Զելենսկու հետ քննարկել է ուկրաինական ինքնաթիռի վթարի հանգամանքները |tert.am|
05:46 - 12 հունվարի, 2020

Ռոուհանին Զելենսկու հետ քննարկել է ուկրաինական ինքնաթիռի վթարի հանգամանքները |tert.am|

tert.am:  Իրանի և Ուկրաինայի նախագահներ Հասան Ռոհանին և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով ուկրաինական ինքնաթիռի աղետալի կործանման հանգամանքները:

«Իրանի և Ուկրաինայի նախագահները քննարկել են ուկրաինական ինքնաթիռի հետ կապված միջադեպը, որը տեղի է ունեցել Թեհրանի մերձակայքում», - ասված է իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերության հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Իրանը խոստովանել է, որ սխալմամբ խոցել է ուկրաինական ինքնաթիռը:


Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր խոսքում, մասնավորապես, նշել էր. «Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակվելուց հետո, ամերիկյան ագրեսոր ռեժիմի կողմից սպառնալիքների և իրանցի ժողովրդին ահաբեկելու պայմաններում Միացյալ Նահանգների կողմից հնարավոր հարձակումներից պաշտպանվելու նպատակով Իրանի զինված ուժերը 100 տոկոսանոց մարտական պատրաստության էին բերվել»:

«Ցավոք, մարդկային գործոնը և սխալ արձակումը հանգեցրին մեծ աղետի, ինչը ցավալի է: Որպես Իրանի նախագահ` ես ցավակցություններս եմ հայտնում այս ողբերգական աղետի զոհերի ընտանիքներին»,- ասել է Ռոհանին:

Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Վաշինգտոնն Օտտավային հետախուզական տեղեկություն է փոխանցել, որը հաստատում է այն վարկածը, որ Boeing-ի կործանման պատճառն Իրանի զենիթահրթիռային համալիրից արձակված համազարկն է եղել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել