Վարչապետն իմ հրաժարականից անակնկալի չի եկել. Արտակ Զեյնալյան |tert.am|

13:26 - 10 հունիսի, 2019

tert.am։ «Ես, գնահատելով հրապարակումները և տեղեկատվական հոսքերը, հանգել եմ եզրակացության, որ պետք է ներկայացնեմ հրաժարականի դիմում»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ի պատասխան հարցին՝ արդյո՞ք հրաժարականը «Իմ քայլը» խմբակցության դժգոհության հետ էր կապված:

Թե ինչ նկատի ունի՝ ասելով տեղեկատվական հոսքեր, Զեյնալյանը պարզաբանեց, որ այն ամենը, ինչ որ շրջանառվել է լրատվամիջոցներում, դա հանգեցրել է այդ հրաժարականին: «Բնականաբար, այն դժգոհությունները, որոնք անկախ նրանից՝ օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ, հիմնավորված են, թե ոչ, այդ ամենը վերլուծելով՝ գտել եմ, որ պետք է ներկայացնեմ»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Հարցին՝ արդյո՞ք դատարանների շրջափակման հայտնի ակցիան է դժգոհություն առաջացրել, որ դիմում է ներկայացրել, նա պատասխանեց. «Այդ ակցիայի հետ կապված տվել եմ պարզաբանում: Իմ պարզաբանումը նույնությամբ համընկել է վարչապետի հայտարարության հետ»:

Հարցին՝ վարչապետի հետ խոսե՞լ է իր հրաժարականի մասին, արդյոք անակնկա՞լ էր վարչապետի համար, Զեյնալյանն ասաց. «Ոչ, անակնկալ չէր»:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք իր պաշտոնավարման ընթացքում եղել են դժգոհություններ իրենից, Զեյնալյանը նշեց, որ պետական կառավարումը գիտություն է, իրավաբանությունը ևս:

«Սրանք պետք է իրար զուգակցել: Ես տիրապետում եմ իրավունքների պաշտպանության գործիքակազմին և պետք է Հայաստանի Հանրապետությանը զերծ պահեմ հնարավոր բացասական հետևանքներից:

Օրենքը պետք է ընդունվի օրենքի համար նախատեսված ընթացակարգով և ժամկետներով, չի կարող օրենքն ընդունվել մեկշաբաթյա ռեժիմով: Այն պետք է ներկայացվի հանրային քննարկման, իսկ կան օրենքներ կամ քաղաքական լուծումներ, որոնք քաղաքացիական հասարակության մոտ առաջացնում են սուր բախումներ:

Պետք է սրանց միջից ընտրվի ոչ միայն իրավաչափը, Սահմանադրությանը համապատասխանողը, այլ նաև հասարակությանը բավարարողը: Այս ամենի համադրումը եղել է և իրավաչափ և համապատասխանող պետական կառավարման համակարգին»,- շեշտեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել