Քաղաքագետ Քանանյանի հետ հացադուլ է անում ևս մեկ արցախցի. բողոքին կմիանան այլ քաղաքացիներ նույնպես |armtimes.com|
15:25 - 28 հունվարի, 2020

Քաղաքագետ Քանանյանի հետ հացադուլ է անում ևս մեկ արցախցի. բողոքին կմիանան այլ քաղաքացիներ նույնպես |armtimes.com|

armtimes.com:  Արցախում ընդդեմ փոքր հէկաշինության դեմ պայքարին է միացել Արցախի քաղաքացի Մհեր Պողոսյանը՝ հայտարարելով հացադուլ սկսելու մասին:

«Աջակցելով քարվաճառցի մտավորական և հանրային գործիչ Ալեքսանդր Քանանյանի պայքարին` միանում եմ նրա հայտարարած հացադուլին՝ պահանջելով․

ա. Դադարեցնել փոքր հէկերի շինարարությունները Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում` անկախ դրանց թերավարտության աստիճանից, ու շինարարական տեխնիկան անհապաղ հեռացնել շինհրապարակներից,

բ. Հրապարակայնացնել դրանց արտոնագրման և ֆինանսավորման հետ կապված ողջ ինֆորմացիան,

գ. Ստեղծել հատուկ քննող հանձնաժողով Հայաստանի պաշտոնյաների, քաղհասարակության և անկախ փորձագետների մասնակցությամբ՝ ստուգելու համար արտոնագրման, ֆինանսավորման և շահագործման օրինականությունը, ինչպես նաև համապատասխանությունը ազգային անվտանգությանը, ազատագրված տարածքների բնակեցման հրամայականին և կայուն զարգացման ռազմավարությանը»,- պահանջներն է թվարկել Մհեր Պողոսյանը։

Ժամեր առաջ նրա հետ հանդիպել է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում շնորհակալություն հայտնելով Մհեր Պողոսյանին պայքարին միանալու համար՝ Քանանյկանը նշել է, որ չափազանց ցավալի է, որ իրենից բացի ևս մեկ հոգի ինքնազոհողության է դիմել՝ հանուն ընդհանուր գործի:

«Ես կամենում էի, որ միայն ես լինեմ, բայց չեմ կարող բռնանալ մարդու գիտակից, պատասխանատու, հայրենասեր, ազգային մարդու կամքի վրա, և եթե նա կամեցել է միանալ, կարող եմ միայն իմ խորին երախտագիտությունը հայտնել»,- ասել է Քանանյանը:

«Մենք, բնականաբար, հաղթելու ենք: Տարբերակ չկա. Արցախի գետերը պետք է հոսեն: Մենք դեմ չենք էներգետիկայի զարգացմանը: Հէկերը կարող են կառուցվել, բայց պետք լինեն բաց, ամբարտակներով, ջրամբարներով, որպեսզի ջուրը մնա Արցախին, օգտագործվի այգիների համար, մարդկանց խմելու ջրի համար, ձկնաբուծության համար, այլ ոչ թե մտնի խողովակ և գերարագ կերպով փոխանցվի մեկ հէկից մյուս հէկ՝ կատարելապես չորացնելով Արցախի գետերը և վերջում հայտնվելով Ադրբեջանի վերահսկած տարածքում:

Ես խնդրում եմ, որ Ստեփանակերտում միանան այս սկսված շարժմանը, Արցախի բնությունը բոլորինս է, մեր ամենամեծ հարստությունը մեր բնության անաղարտությունն է: Շատ շուտով անցնելու են այն ժամանակները, երբ մետաղները կամ այլ արդյունաբերական տեսակները լինելու են առաջնային հարստություն:

Այս պահին էլ առաջնային հարստությունը մաքուր ջուրն է և անաղարտ բնությունը: Ոչ ոք չի կարող զրկել Արցախը հեռանկարային զարգացման հնարավորություններից: Շրջանները պետք է համաչափ զարգանան, և ջրերը պետք է ծառայեն շրջանների զարգացմանը: Քարվաճառը, Քաշաթաղը չեն կարող առողջարանային, զբոսաշրջային գոտիներ լինել, չենք կարողանալու իրականացնել լիարժեք վերաբնակեցում այնտեղ, ունենալ տասնյակ հազարավոր բնակչություն, եթե գետերի փոխարեն լինեն խողովակաշարերը, որոնք նվազագույն օգուտ բերելով պետությանը, ահռելի և անվերականգնելի վնաս են հասցնում բնությանը, փակում և ոչնչացնում են շրջանի համապարփակ զարգացման հեռանկարը»,- ընդգծել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել