ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կրկին անդրադարձել է վեթինգի թեմային, կրկին անպատասխանատու եզրահանգումներ է կատարել, որի վերաբերյալ ևս մեկ անգամ պարզաբանում եմ.

Թե՛ դատական օրենսգրքի փոփոխություններով, թե՛ սահմանադրական փոփոխություններով դատական համակարգում արմատական փոփոխություններ ենթադրող օրակարգը պաշտոնապես բերվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից, մասնավորապես, դեռևս ամռան ամիսներին շրջանառվել և նախորդ տարվա հոկտեմբերին ընդունվել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշումը։ Վարչապետի հետ զրույցի ընթացքում նշվել է, որ վեթինգի հարցը ներկայիս Սահմանադրության թույլատրած շրջանակում Դատական օրենսգրքով կարգավորել ենք և լրջագույն գործիքներ ենք ներդրել, որի արդյունավետ կիրառումը պրակտիկայում կարող է իրական փոփոխություններ բերել դատական համակարգում:

Երկրորդ, ես նշել եմ, որ համատարած վեթինգի դեպքում, ինչը ենթադրում է հատուկ մարմինների ձևավորում, նրանց համապատասխան մանդատի շնորհում և բոլոր դատավորներին ամբողջական ժամանակահատվածի ստուգում, ենթադրում է Սահմանադրության փոփոխություններ, ընդ որում ես արդեն երկու հարցազրույցներում հրապարակային նշել եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են, որ սա հնարավոր է անել առանց Սահմանադրության փոփոխությունների, պետք է ներկայացնեն իրենց տարբերակը՝ հիմնավորումներով, ինչը մինչ օրս չի ներկայացվել:

Ստացվում է՝ գործ ունենք անպատասխանատու հայտարարությունների հետ:
Պատկերացրեք, որ ոչինչ և ոչ մեկ չի կարողացել խանգարել Կառավարությանը Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը ներկայացնել ԱԺ, որն ի դեպ, համապատասխան հիմքերի դեպքում վերաբերելի է նաև դատավորների ապօրինի ծագում ունեցող գույքին, ոչինչ և ոչ մեկ չի կարողացել խանգարել Կառավարությանը քրեական ենթամշակույթը քրեականացնող հոդվածներ սահմանելու հարցում, բայց, փաստորեն, ըստ պարոն Բաբաջանյանի՝ համատարած վեթինգի մասով ես ինչ-որ պատճառներով համոզում եմ զերծ մնալ:


Հ.Գ. Եվս մեկ անգամ շեշտեմ, որ համատարած վեթինգին հնարավոր է անդրադառնալ Սահմանադրության փոփոխություններից հետո և մեր ուղիղ եթերի ընթացքում չի հնչել որևէ միտք, որը կբացառեր նման սցենարի հնարավորությունը: Ավելին, նշել եմ, որ մեզ ոչինչ չի խանգարում Սահմանադրության փոփոխություններով, հաշվի առնելով միջազգային փորձը, ներդնել արդյունավետ համակարգ (ընդամենը խոսել ենք նաև հնարավոր ռիսկերի մասին):»