Երևանի պատմական ժառանգություն հանդիսացող հնագույն թաղամասերից մեկում՝ 33-րդ կամ Ֆիրդուսի թաղամասում օրեր առաջ սկսվել են 19-րդ դարին թվագրվող աղյուսե շինության քանդման աշխատանքները։ Այս գործընթացը հանրային դժգոհության առիթ է դարձել։
Թեեւ այս թաղամասի կառուցապատումն արտոնել էր Սերժ Սարգսյանի իշխանությունը, սակայն այդ գործընթացի շարունակությունն, ըստ էության, տեղի է ունենում նաեւ հետհեղափոխական Հայաստանում, որտեղ որդեգրված գաղափարներից մեկը նաեւ մշակութային հեղափոխությունն էր։
2018թ․ մարտի 22-ին ՀՀ կառավարության N 332-Ն որոշմամբ «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ»: Որոշման համաձայն՝ նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երևանի կենտրոնից «կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին և խարխուլ շինություններով և համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոտևորման նախագծի` տարածքները կհանդիսանան որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան մայթերով և փողոցներով, ինչպես նաև առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդի կառուցում»։
ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը հիշեցնում է՝ նախկինում ինչպես էր իրականացվում այս գործընթացը․ տարածքը ճանաչվում էր գերակա հանրային շահ, ներդրում անվան տակ վաճառվում էր մեկին, այդտեղից հանում էին բնակիչներին, եւ շինարարական բիզնես-ծրագրեր էին անում։ Այս նույն անվան տակ նաեւ Ֆիրդուսի՝ 33-րդ թաղամասի շինություններն ու հատկապես կարմիր աղյուսե շինությունն էլ մտավ այդ գործընթացի մեջ։
Մեր զրույցում Աբրոյանը նկատեց՝ նախկինում պաշտոնյաներ կային, որոնք այդ բիզնես-նախագծերի համար վճարվում էին, ու դա ձեռնտու էր գրեթե բոլոր կողմերին, բացի բնակիչներից։ Կամ էլ եթե նույնիսկ բնակիչները գոհ էին, այդ գործընթացը դեմ էր Երեւան քաղաքի պատմական շերտերի պահպանման շահերին։
ՀՀ կառավարության՝ 2018 թվականի N 332-Ն որոշման մեջ նշված է, որ կառուցապատում է իրականացվելու մի տարածքում, որն այս պահին «խառը, անկանոն կառուցապատում է` տարերայնորեն տեղակայված հին և խարխուլ շինություններով»։ Աբրոյանը հատուկ ընդգծեց՝ պատմամշակութային որեւէ շինություն, որը վթարված կամ քանդված է, դեռեւս անարժեք չէ։
«Համարենք, որ եկեղեցու պատերից հատվածներ են մնացել, չի նշանակում, որ եկեղեցին չունի պատմամշակութային արժեք։ Ինքը կիսաքանդ է, գնանք կիսաքանդ ամրոցները, վանքերը քանդե՞նք, ասենք խարխո՞ւլ է։ Չի՛ կարելի։ Հարկավոր է ընտրել գրագետ, մեթոդապես ճիշտ միջամտություն, եթե այդտեղ պետք է կառուցապատում անել։ Դա օրենքը չի արգելում, բայց, ցավոք, մեր մտածողությունը գնում է այն ուղղությամբ, որ ավելի հեշտ է քանդել, նորը սարքել»,- ասաց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է այն մեկնաբանությանը, թե Ֆիրդուսի կարմիր աղյուսե այդ շենքը ներառված չէ հուշարձանների ցանկում, դրա համար էլ շինարարական միջամտությունների թույլտվություն է տրվել, գործակալության պետն արձագանքեց, որ տվյալ տարածքը ներառված է եղել հուշարձանների պահպանական գոտիների համակարգում, եւ այդ տարածքում որեւէ շինարարական, ինժեներական, հողաշինական կամ նույնիսկ տնտեսական գործունեությունը կատարվում է լիազոր մարմնի թույլտվությամբ։ Այս պարագայում լիազոր մարմինը ԿԳՄՍ նախարարությունն է, իսկ վերջինս՝ ի դեմս նախարարությանը կից գործակալության, թույլտվություն չի տվել, ինչպես պնդում է գործակալության պետը։
«Այսինքն՝ տվյալ տարածքում՝ 33-րդ թաղամասում, որտեղ կան հուշարձաններ, որոնք ներառված են պետական ցուցակներում, որեւէ աշխատանք չէր կարելի կատարել եւ որեւէ աշխատանքի կատարումն ապօրինի է, եթե չկա տվյալ թույլտվությունը։ Համաձայն մեր բնագավառի օրենսդրության՝ հուշարձաններ ներառող տարածքներում կառուցապատման նախագծերն ու առաջադրանքները համաձայնեցվում են լիազոր մարմնի հետ, տվյալ դեպքում՝ ԿԳՄՍՆ-ի։ Իսկ մենք համաձայնություն չենք տվել։ Բացի այն, որ աշխատանք կատարելու թույլտվություն չկա, նաեւ դրանց նախագծերը չեն համաձայնեցվել»,- ասաց պաշտոնյան՝ հավելելով, որ այս դեպքում հնարավոր է նույնիսկ սահմանված ռեժիմների խախտում լինի։
Աբրոյանի խոսքով՝ նախարարության գիտահետազոտական ՊՈԱԿ-ը ներկայացրել է Ֆիրդուսի երկու շինությունների արժևորման փաստաթղթերը, խոսքը պետական հաշվառման մասին է։ Եւ եթե որեւէ շինություն վերցված է պետական հաշվառման, ապա այն ենթակա է պահպանման․
«Հիմա ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը հայտնել է, որ դրանք չեն արժեվորվել, բայց արժեվորման հարցը քննարկվել է օրենքով սահմանված կարգով՝ փորձագիտական հանձնաժողովում, որի ղեկավարը ես եմ, ինքս եմ քննարկել հանձնաժողովի անդամների հետ։ Հնչել են բացասական կարծիքներ, շինությունների արժեքի հարցը դրվել է քվեարկության, եւ ձայների մեծամասնությամբ՝ 6 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ, հաստատվել է, որ, այո՛, նաեւ նշյալ աղյուսե շինությունն ունի պատմամշակուսային արժեք։ Բայց, քանի որ հարցը քաղաքաշինական է, եւ խնդիրներ կային, պահանջված հատակագծային վկայագրերը չկային, մենք վերադարձրել ենք մասնագիտական ուսումնասիրությունները շարունակելու։ Այսինքն՝ պետական հաշվառման գործընթացը չի կասեցվել, իսկ օրենքն ասում է, որ պետական հաշվառման վերցրած եւ այդ գործընթացի մեջ գտնվող օբյեկտը ենթակա է պահպանման։ Ուրեմն այնտեղ տեղի ունեցող շինարարական-քանդման գործողություններն ապօրինի են։ Դարձյալ կրկնում եմ՝ գործակալությունն է այն մասնագիտական կառույցը, որն իրավունք ունի համաձայնություն, եզրակացություն եւ թույլտվություն տալու, իսկ դա չի եղել»,- պարզաբանեց Արմեն Աբրոյանը։
Այն, որ այդ տարածքում որոշ շինությունների ֆասադային հատվածները պահպանվում են, Աբրոյանի վստահեցմամբ, չի նշանակում, որ պահպանվում է պատմական միջավայրը, քանի որ, նրա խոսքով, հուշարձանն ամբողջությամբ է հուշարձան, եւ անթույլատրելի է դրա միայն ճակատային մասը պահելը։ Ու որքան կարեւոր է հուշարձանը, այնքան էլ հուշարձանի միջավայրը։
Իսկ թե ինչ պետք է անել հարցը լուծելու համար, ինչ կարող է անել ԿԳՄՍՆ-ն՝ Աբրոյանը հստակ նշեց՝ նախարարությունն, ի դեմս Նարինե Խաչատուրյանի, ուղղակի պարտավոր է դիմել ոստիկանություն․
«Մեր բնագավառի օրենսդրությունը խախտվել է, այդ խախտման համար պատժի կիրառումը վերապահված է ոստիկանությանը, եւ նախարարությունը ժամ առաջ պետք է դիմի իրավապահներին։ Ես գործակալության Երեւանի բաժնի պետին հանձնարարություն եմ տվել՝ դիմել ոստիկանություն, բայց մեր լիազորությունները վերակազմակերպման մեջ են, ոչ բավարար են, որ կարողանամ այդ գործընթացներն ինքնուրույն անել։ Եւ կարծում եմ՝ Նարինե Խաչատուրյանը հենց հիմա պետք է դիմի, եւ մեր բաժինների աշխատակիցներին, մեզ, ինձ, մյուսներին հանձնարարի գնալ ու թույլ չտալ շարունակել այդ գործընթացը, հանձնարարի դիմել իրավապահներին»,- ասաց Արմեն Աբրոյանը։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)