«Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը». Ժ. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին
18:03 - 26 դեկտեմբերի, 2024

«Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը». Ժ. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տարեկան ամփոփիչ համաժողովին, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն՝ 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված և իրականացված գործերի վերաբերյալ:

Համաժողովին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՀ ուսումնական հաստատությունների տնօրեններ, տնօրենի տեղակալներ, ուսուցիչներ, մենթորներ, կրթության փորձագետներ։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի գործունեության մեկնարկը համընկել է հանրակրթության ոլորտի բարեփոխումների բուռն ընթացքին:

«Բավական բարդ էր մի կողմից բովանդակային բարեփոխումներ իրականացնել, մյուս կողմից կառուցվածքային զարգացման քաղաքականություն վարել՝ կառույցի կայացմանը նպաստելով: Այս ամենի համար մեծ ջանքեր է պահանջել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ տարին մի քանի առումներով շատ կարևոր էր ԿԶՆԱԿ-ի համար:

Նախարարի խոսքով՝ տարին շատ բարդ էր, քանի որ չափորոշչի ներդրումն իրականացվել է դպրոցների 12 դասարաններից 7-ում:

«Շատ կարևոր է, որ լինենք դպրոցների կողքին և խրախուսենք, որ ամբողջությամբ օգտագործեն նոր չափորոշչի ընձեռած հնարավորությունները: Միաժամանակ պետք է բաց լինենք՝ տեսնելու ի հայտ եկած խնդիրները, որպեսզի դրանք ստանան արձագանք և լուծում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն անդրադարձել է նաև ուսուցիչների մեթոդական վերապատրաստումների, հերթական ատեստավորման գործընթացներին և իրականացված փոփոխություններին՝ այս համատեքստում ընդգծելով կատարված մեծ աշխատանքը:

«Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը, երբ պետք է կարողանանք ամփոփիչ ատեստավորման, քննությունների ընթացակարգերում գտնել ճիշտ լուծումներ, որոնք սովորողների համար ունենալու են կարևոր նշանակություն: Սխալվելու վախը մեծ է, սակայն միասին ունենք Տավուշի առաջին փուլի արդյունքները, որը մեզ համար կողմնորոշիչ է, և այս գործընթացը կազմակերպելիս վստահություն է ներշնչում»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար և կոչ անելով բազմապատկել հետևողականությունը:

Ներկաներին ողջունել է նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«Հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում թե՛ նախադպրոցական կրթության, թե՛ հանրակրթության ոլորտներում՝ ուղղված կրթության բովանդակության փոփոխմանը, արդյունավետության բարձրացմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: Նրա խոսքով՝ այս տարի փոխվել է հերթական ատեստավորման ողջ համակարգը, մշակվել է գնահատման գործիքը, և շուրջ 6000 ուսուցիչ գնահատվել է: Յուրաքանչյուր մոդուլի ատեստավորման գործընթացի կազմակերպման շուրջ աշխատանքներն են սկսվել: ԿԶՆԱԿ-ի կողմից համակարգվում է տարակարգի տրամադրման գործընթացը թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական մակարդակներում:

«ԿԶՆԱԿ-ի հետ աշխատանքները շատ բազմաշերտ են: Բազմաթիվ անելիքներ կան երեխաների ֆիզիկական և հոգեբանական անվտանգության ապահովման ուղղությամբ: Մշակվում են անվտանգության ստանդարտներ, որտեղ մեծ դերակատարում ունի նաև ԿԶՆԱԿ-ը»,- իրազեկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Այնուհետև համաժողովի մասնակիցները շրջայց են կատարել համաժողովի շրջանակում կազմակերպված էքսպոյում, որտեղ առանձին տաղավարներով ներկայացվել են ԿԶՆԱԿ հիմնադրամի նպատակային ծրագրերը: Ծրագրերի համակարգողները, փորձագետներն ու մենթորները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները։ Շրջայցին մասնակցել են նաև հրավիրված կառույցների ներկայացուցիչներ և ուսուցիչներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել