armenpress.am: Գյումրիում առաջիկա օրերի ընթացքում կմեկնարկեն փողոցաշինական աշխատանքներ՝  Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջոցներով:

Սա բանկի կողմից Գյումրիում իրականացվող փողոցաշինության  ծրագրերի 2-րդ փուլն է, որի առաջին և երկրորդ չափաբաժիններում ընդգրկված է 15 փողոց։ Այս մասին տեղեկացրեց  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նշելով, որ ՎԶԵԲ-ի ծրագրի հաջորդ՝ 3-րդ փուլով, ևս մրցույթ է հայտարարված, որի արդյունքները հստակ կլինեն օգոստոսի 5-ին: «Երկրորդ փուլի շինարարական կազմակերպության մրցույթն արդեն կայացել է, կա հաղթող ընկերություն, որը բավական փորձառու է»,-նշեց Սամվել Բալասանյանը՝ հավելելով, որ,  ընդհանուր առմամբ, ՎԶԵԲ-ի ծրագրի 2 փուլով կնորոգվի 22 փողոց և 1 հրապարակ:

Քաղաքում աշխատանքներ իրականացվելու են նաև Համաշխարհային բանկի միջոցների հաշվին: Այս պահին իրականացվում են նախագծա-նախահաշվային աշխատանքները: Այս ծրագիր ընդգրկված են Գյումրու պատմական միջուկի փողոցները և կենտրոնական հրապարակը:

Քաղաքում 17 փողոց էլ նորոգվելու է սուբվենցիոն ծրագրով. ընդհանուր 950 մլն դրամ գումարի 55 տոկոսը հատկացվելու է պետական, իսկ մնացածը՝ համայնքային բյուջեից: