ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը պրոռեկտորին հանձնարարելը մեկ այլ իրավական ակտով հիմնավորելու վերաբերյալ։ Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև։

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը պրոռեկտորին հանձնարարելը մեկ այլ իրավական ակտով հիմնավորելը ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ Անձնակազմի կառավարման վարչության աշխատակցի անփութության հետևանքն է:
Կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նախարարի հանձնարարականով վարվում է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:

Ներողություն ենք խնդրում տեխնիկական այս վրիպակի պատճառով լրատվական դաշտում որոշ անձանց բարձրացրած աղմուկի և շահարկման, ինչպես նաև պատճառված անհանգստության համար»:

Հիշեցնենք, այսօր ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է այն մասին, որ դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին իր լիազորությունները դադարեցնելու խնդրանքով, որպեսզի շահարկումներին վերջ տալու համար մասնակցի ռեկտորի համար հայտարարվելիք մրցույթին: