Լուկաշենկոյի մրցակիցները բողոքարկել են նախագահական ընտրությունների արդյունքները |tert.am|
17:43 - 12 օգոստոսի, 2020

Լուկաշենկոյի մրցակիցները բողոքարկել են նախագահական ընտրությունների արդյունքները |tert.am|

tert.am: Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայից հետո բողոք են ներկայացրել նաև երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մյուս 3 մրցակիցները` Աննա Կանոպացկայան, Անդրեյ Դմիտրիևը և Սերգեյ Չերեչենը: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Նախագահի թեկնածու Անդրեյ Դմիտրիևը տեղեկացրել է, որ ինքը բողոք է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որում նշել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքներն ու ձայների վերահաշվարկ է պահանջում:

«Համաձայն այն տվյալների, որոնք կան մեր տրամադրության տակ, առնվազն երկրորդ փուլ պետք է լինի, որին ձայների մեծ տարբերությամբ պետք է մասնակցեն Սվետլանա Տիխանովսկայան և Ալեքսանդր Լուկաշենկոն»,-հայտարարել է Դմիտրիևը:

Գործակալության հարցին այն մասին, թե արդյոք ինքն ընդունում է նախագահական ընտրությունների արդյունքները, Դմիտրիևն ասել է. «Ոչ, չեմ ընդունում: Երկրորդ փուլն արդեն սկսվել է: Այն կազմակերպել է ինքը՝ իշխանությունն իր այն ստով, որը մենք հերթական անգամ լսեցինք հեռուստացույցներից: Երկրորդ փուլը, ըստ ընտրական օրենսգրքի, օգոստոսի 23-ին չի անցկացվի, բայց ես համոզված եմ, որ այն կլինի»:

Իր հերթին, նախագահի թեկնածու Սերգեյ Չերեչենը գործակալությանը տեղեկացրել է, որ ինքը նույնպես բողոք է ներկայացրել ԿԸՀ` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:

«Երեկ բողոք ենք ներկայացրել: Խնդրում ենք նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել»,-հայտարարել է Չերեչենը:

Ավելի վաղ իր ներկայացրած բողոքի մասին տեղեկացրել էր նաև նախագահի թեկնածու Աննա Կանոպացկայան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել