armenpress.am: ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի համար կարևոր սկզբունք է ջանքեր գործադրել խաղաղությանը նպաստող մթնոլորտ ստեղծելու համար: «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սրացմանը զուգահեռ հայերի և ադրբեջանցիների միջև էթնիկական բախումները աշխարհի տարբեր քաղաքներում, այդ թվում Մոսկվայում։
«Ցավալի է տեսնել ատելության մթնոլորտի հրահրումը մեր տարածաշրջանում, ինչպես նաև այն տարածաշրջանից դուրս տեղափոխելու փորձերը: Խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի համար կարևոր սկզբունք է ջանքեր գործադրել խաղաղությանը նպաստող մթնոլորտ ստեղծելու համար: Անհնար է վարել խաղաղ բանակցային գործընթաց ատելության, պատերազմի հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքի առկայության պայմաններում»,- ասել է Մնացականյանը։
Նրա խոսքով՝ անիմաստ է բանակցություններում առաջընթաց ակնկալել, երբ Ադրբեջանը մի կողմից ատելություն է հրահրում, մյուս կողմից բառերով ձգտում խաղաղության:
«Անհնար է հայատյացության, ռազմատենչ հռետորաբանության պայմաններում ենթադրել, որ մենք կարող ենք իրական առաջընթաց ունենալ բանակցություններում»,- ընդգծել է նախարարը։
Հարցին, թե ինչ անել, որ հետագայում նման բախումներ չլինեն, Մնացականյանը պատասխանել է, որ նախ պետք է գիտակցություն լինի խաղաղ գործընթացի անհրաժեշտության մասին:
«Պետք է լինի քաղաքական կամք և պետք է լինեն կոնկրետ միջոցներ: Մենք բանակցություններ ենք վարում, այդ թվում տարբեր հստակ քայլերի շուրջ, որոնք կօգնեն նվազեցնել այս հռետորաբանությունը և ատելության սրումը: Այս բլոկը ունի կոնկրետ բովանդակություն, կան բազմաթիվ առաջարկներ մեր կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այս բոլոր գաղափարները պետք է իրականացվեն:
Մենք լավ օրինակ ունենք, երբ անցյալ տարի կարողացանք իրականացնել նախագիծ ՝ լրագրողների փոխանակում Բաքվից, Երևանից և Ստեփանակերտից: Արդյունքները կարող են լինել համեստ, բայց շատ կարևոր: Սա խաղաղության ողջ գործընթացի կարևոր մասն է»,- ասել է նախարարը։
comment.count (0)