Ռուստամ Բադասյանը հրաժեշտ է տվել ՀՀ-ում առաքելությունն ավարտող Դեբորա Գրիզերին
15:57 - 11 սեպտեմբերի, 2020

Ռուստամ Բադասյանը հրաժեշտ է տվել ՀՀ-ում առաքելությունն ավարտող Դեբորա Գրիզերին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առցանց հանդիպման ընթացքում հրաժեշտ է տվել Հայաստանում առաքելությունն ավարտող ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին և շնորհակալություն հայտնել վերջինիս գերազանց համագործակցության համար։ Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը, արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, այլք։

Նախարարը բարձր է գնահատել Դեբորա Գրիզերի անձնական ներդրումը բարեփոխումների լայն օրակարգում ներառված ծրագրերը համատեղ ջանքերով իրականացնելու համար, մասնավորապես՝ կարևորել ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ գործող ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի աշխատանքը, և հաջողություն մաղթել տիկին Գրիզերին հետագա գործունեության ընթացքում՝ հույս հայտնելով, որ Հայաստանից հեռանում է լավ տպավորություններով և վերադառնալու ցանկությամբ։

Ռուստամ Բադասյանը նաև վստահություն է հայտնել, որ Նախարարությունը նույն ակտիվությամբ կշարունակի համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության հետ և այդ համատեքստում ողջունել ու բարի գալուստ է մաղթել տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին։

Դեբորա Գրիզերը նույնպես բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը և վստահեցրել, որ աշխատանքային լավ փորձ ունեցող Դեյվիդ Հոֆմանը կնպաստի ձևավորված արդյունավետ փոխգործակցության ամրապնդմանը։

Առցանց հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում համագործակցությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել