Եղել են դեպքեր, երբ երեխան զանգել է ոստիկանություն եւ ասել՝ ինձ ծեծում են. Նելլի Դուրյան |armtimes.com|
09:24 - 25 սեպտեմբերի, 2020

Եղել են դեպքեր, երբ երեխան զանգել է ոստիկանություն եւ ասել՝ ինձ ծեծում են. Նելլի Դուրյան |armtimes.com|

armtimes.com: 2020 թվականի ութ ամիսների ընթացքում գրանցվել է անչափահասների նկատմամբ բռնության 119 դեպք, որը 18-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերից։

Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը նշեց, որ այս տարվա դեպքերի գերակշիռ մասը` 77-ը, արձանագրվել է ֆիզիկական բռնության տեսքով, որը 20-ով ավելի է նախորդ տարվա դեպքերից: 1-ով ավելացել են նաեւ ընտանեկան բռնության դեպքերը՝ 5-ից դառնալով 6, իսկ սեռական բռնության դեպքերը նվազել են՝  39-ից դառնալով 36: 119 դեպքերից 99-ով հարուցվել են քրեական գործեր, 20-ով մերժվել է քրեական գործի հարուցումը։ Հարուցված 99 գործերից 20-ն արդեն ուղարկվել է դատարան։

Հիշեցնենք՝ Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երեք աշխատակցուհիներ երեկ կալանավորվեցին. նրանք մեղադրվում են մի խումբ սաների նկատմամբ պարբերաբար դաժան վերաբերմունք ցուցաբերելու, ծեծի ենթարկելու եւ ցավ պատճառելու համար: Քանի որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործն արդեն Քննչական կոմիտեի վարույթում է, Դուրյանը դեպքի վերաբերյալ մանրամասներ չկարողացավ ներկայացնել, միայն նշեց՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ստացել են բռնության մասին տեղեկություն, որը ճշտելու համար բաժին են հրավիրել քաղաքացու, նախապատրաստվել են նյութեր, որից հետո հարուցվել է քրեական գործ:

Ինչ վերաբերում է բռնությունից հետո երեխաներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելուն, դա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տիրույթում է: Նելլի Դուրյանը վստահություն հայտնեց, որ նախարարության կողմից այդ աշխատանքները կիրականացվեն:

Նելլի Դուրյանը պատասխանել է թեմայի վերաբերյալ  մեր մի քանի հարցերին.

- Տիկի՛ն Դուրյան, բռնությունը՝ հատկապես անչափահասների նկատմամբ, որքանո՞վ է արմատացած մեր հասարակության մեջ, աճի կամ նվազման ի՞նչ միտում է նկատվում տարեցտարի:

- Մենք բռնության թվերի աճ չունենք, կարծես թե կայունացում է: Բայց պետք է հաշվի առնել, որ խոսում ենք երեխայի նկատմամբ բռնության մասին, որը ոչ մի դեպքում ընդունելի չէ: Այսօր քաղաքացիներն ավելի շատ են ահազանգում, հիմնախնդիրը ավելի շատ է ուշադրության կենտրոնում, եւ բացահայտման աշխատանքներն էլ ավելի շատ են իրականացվում. բավականին մեծ ուշադրություն է դարձվում անչափահասների նկատմամբ բռնության բացահայտմանն ու կանխարգելմանը:

- Այսինքն՝ քաղաքացիները կաշկանդվա՞ծ չեն ոստիկանություն դիմելու եւ իրենց խնդիրը բարձրաձայնելու հարցում:

- Վստահաբար կարող եմ ասել, որ այո, այսօր շատ ավելի քիչ են կաշկանդված, քան նախկինում: Ավելի շատ են դիմում, ավելի շատ են ահազանգում. այդ մասին է վկայում վիճակագրությունը: Մեր վարչությունում ունենք թեժ գիծ, որի միջոցով ահազանգում են, կապ են հաստատում նաեւ սոցցանցերի միջոցով, հաղորդագրություն են գրում, տեղեկացնում են՝ որոշ դեպքերում խնդրելով, որ անհայտ մնա իրենց անուն-ազգանունը, դա էլ խնդիր չէ, կարեւոր է, որ դեպքը բացահայտվի:

- Հատկապես ի՞նչ տեսակի բռնություններ են արձանագրվում երեխաների նկատմամբ:

- Ամենից շատ ֆիզիկական բռնություն, բայց եկեք չմոռանանք, որ այն տանը, որտեղ տեղի են ունենում բռնություններ չափահասների միջեւ, այսինքն՝ ընտանեկան բռնություն, հիմնականում կան երեխաներ, գուցե նաեւ՝ մեկից ավելի, եւ ականատես լինելով բռնությանը՝ միանշանակ իրենք էլ են բռնության ենթարկվում, եթե ոչ ֆիզիկական, ապա, ցավոք, հոգեբանական բռնության, նույնիսկ եթե լռում են այդ մասին:

- Եթե համեմատենք մարզերի եւ Երեւանի երեխաների դեմ ուղղված հանցագործությունները, ի՞նչ տարբերակում կա, որտե՞ղ են դեպքերը գերակշռում:

- Երեւանում թիվը ավելի մեծ է՝ պայմանավորված ազգաբնակչության թվով. այնտեղից, որտեղ փոքր համայնքներ են, բնակչության թիվը քիչ է, բնականաբար, ահազանգերը ավելի քիչ են լինելու, ինչպես անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների դեպքում է: Միգուցե մարզերում ավելի շատ կաշկանդված լինեն մեզ դիմելու հարցում, բայց ընդհանրապես, ամբողջ աշխարհում է այդպես. եթե չափահաս մարդը կարող է բարձրաձայնել, երեխայի համար դա շատ ավելի դժվար է:

Թեպետ պետք է արձանագրել նաեւ, որ վերջին ժամանակներում մենք ունենում ենք ահազանգեր հենց երեխաների կողմից: Քիչ է թիվը, բայց համենայն դեպս, նախկինում ընդհանրապես չունեինք, հիմա եղել են դեպքեր, երբ երեխան զանգել եւ ասել է՝ ինձ ծեծում են, բռնության են ենթարկում. խոսքը 10-12 տարեկան երեխաների մասին է:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել