Մենք մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին, մենք պիտի նայենք իրար աչքերի մեջ եւ ասենք՝ պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի․ Նիկոլ Փաշինյան
18:06 - 27 սեպտեմբերի, 2020

Մենք մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին, մենք պիտի նայենք իրար աչքերի մեջ եւ ասենք՝ պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի․ Նիկոլ Փաշինյան

Խորհրդարանում հատուկ նիստ է․ քննարկվում է կառավարության՝ ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ընթացքում ելույթ ունեցավ։

«Բանակցային գործընթացում Ադրբեջանը երկար տարիներ զարգացրել է գիծը, որ կա՛մ մենք հրաժարվում ենք Արցախի ժողովրդի իրավունքներից, Արցախի հայության ինքնորոշման իրավունքից, կա՛մ ստանում ենք պատերազմ։ ՀՀ-ն եւ հայ ժողովուրդը պետք է ամուր եւ միանշանակ կանգնի Արցախի ժողովրդի իրավունքների եւ ընդհանրապես հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերում։ Սա մեր հազարամյա գոյամարտի հերթական եւ գուցե նույնիսկ ամենակարեւոր հանգրվանն է»,- նշեց վարչապետն իր ելույթի ընթացքում։

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ մեզ չպե՛տք է ընկճեն։ Մենք ամուր պիտի կանգնենք մեր ոտքերի վրա։

«Այսօր ես չեմ եկել ասելու՝ որպես գերագույն հրամանատար, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները։ Այսօր եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես։ Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել եւ չի լինի։ Հայ ժողովուրդը ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի էս հողի վրա։ Եւ երբ ասում ենք՝ մենք բոլորս զինվորներ ենք, մենք ասում ենք մի բան․ ծեր, թե երիտասարդ, կին թե տղամարդ, պաշտոնյա թե գործազուրկ, այսօր մենք միայն մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին, մենք պիտի նայենք իրար աչքերի մեջ եւ ասենք՝ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի։

Մենք մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մենք պիտի ահղթենք, որովհետեւ մենք պարտվելու իրավունք չունենք։ Հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան, ՀՀ-ն պիտի գոյություն ունենա հավիտյան, Արցախը պետք է ապրի, Արցախը պետք է լինի ինքնորոշված, եւ պետք է լինի անկախ, ինքնուրույն եւ հզոր, եւ հպարտ, ինչպես այսօր է եւ եղել է»,- հայտարարեց վարչապետը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել