Թշնամին լավ գիտի, որ Արցախում աշխատում են նաեւ միջազգային լրագրողներ, բայց թիրախավորում է նրանց․ Արծրուն  Հովհաննիսյան

21:51 - 08 հոկտեմբերի, 2020

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն  Հովհաննիսյանը հայտնեց, որ այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ։

Ամփոփելով ադրբեջանական ագրեսորների՝ քաղաքացիական բնակչությանը միայն Արցախում հասցրած հարվածները՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց․

«Ունենք 93 վիրավոր, որից միայն 20-ը՝ թեթեւ կամ միջին ծանրության, մյուսների վիճակը՝ ծանր։ Կա 20 զոհված։ Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր շարժական գույք շարքից դուրս է եկել, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ, հանրային օբյեկտներ։ Այս տվյալներում ամփոփված չեն երեկ գիշեր եւ այսօրվա ցուցանիշները»։

Անդրադառնալով այսօր Ղազանչեցոց եկեղեցուն հասցված հարվածների հետևանքով լրագրողների վիրավորվելու փաստին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց․

«Թշնամին լավ գիտի, որ Արցախում աշխատում են նաեւ միջազգային լրագրողներ, բայց անտեսելով դա՝ թիրախավորում են նրանց։ Մինչ այս նաեւ Մարտունիում էր դեպք եղել, երբ վիրավորվել էր ֆրանսիական թերթի լրագրողը։ Հակառակորդը ուղղակի կրակում է խաղաղ բնակչության ուղղությամբ ու վերջ։ Ստեփանակերտն ու Շուշին մեծ քաղաքներ չեն, եւ շատ լավ հայտնի է՝ որտեղ ինչ կա։ Ուզում եմ որ ամբողջ աշխարհն իմանա սրա մասին»։ 

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ոչ մի բանակի սպառազինություն այսպիսի ինտենսիվ մարտական գործողությունների մեջ կիրառելիս անսպառ չէ, եւ ինչքան էլ զուգահեռ մատակարարումներ իրականացվեն, չեն կարող կորուստները նույն տեմպով վերականգնվել։

«Առաջին հինգ օրերի ընթացքում հակառակորդի կորուստների տեմպերը չափազանց բարձր էին, հիմա անկում են ապրում, որովհետեւ այդքան տեխնիկա չկա, որ նույն ինտենսիվությամբ կիրառեն։ Դրա փոխարեն հիմա ավելի շատ կիրառում են հրետանի։ Փորձում են համառորեն շարունակել իրենց ցեղասպան, տեռորիստական գործողությունները։ Ինչքան կտեւի սա՝ բարդ է կանխատեսել»,-ասաց նա։ 

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդի սպառազինության մեծ մասն ադրբեջանական է՝ խորհրդային ռուսական արտադրության, որից օգտվում ենք նաեւ մենք։

«Սպառազինության բարձր տեխնոլոգիական տոկոսը պատկանում է իսրայելայան արտադրությանը, այս նույն ոլորտում կա նաեւ թուրքական մասնաբաժինը, հրետանային միջոցներում եւս կա թուրքական արտադրության մաս»,- նշեց նա։

Անդրադառնալով վիրավոր զինծառայողներին՝ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ շնորհիվ մեր բժշկական ծառայության փայլուն աշխատանքի՝ վիրավորների մոտ 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում, ստանալով համապատասխան բուժօգնություն, վերադառնում է շարք։

Հովհաննիսյանը նաև նշեց, որ գերի ընկած զինծառայողի մասին հստակ տեղեկություններ չունի։

«Բավականին ինտենսիվ մարտական գործողությունների պայմաններում, երբ մեծաքանակ զորախմբեր են ընկնում շրջափակման մեջ, ճեղքումներ են անում, նահանջներ եւ այլն, գերի ունենալու հավանականությունը հաճախ բացառված չէ»,- ասաց նա։ 

Արծրուն Հովհանվսիյանը տեղեկացրեց, որ Շուշին, Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին հիմնականում հարձակման են ենթարկվում համազարկային կայանքներ «Սմերչ», «Կասիրգա», «Պոլոնեզ», «LAR-160» և իսրայելական LORA բալիստիկ հրթիռներով։ Սրանց հեռահարությունն օգտագործվում է որպես լրացուցիչ գործոն՝ այս քաղաքները հրթիռակոծելու համար։

Վերջում, պատասխանելով կամավորների թվի վերաբերյալ հարցին, նա նշեց, որ տասնյակ հազարավոր կամավորներ ունենք, և ինքը կոնկրետ թիվ չի կարող ասել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել