1lurer.am: ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց մսամթերքի շուկայում իրականացվող վերահսկողական աշխատանքները:

Անդրադառնալով պատերազմի ընթացքում կատարված աշխատանքներին՝ Ավետիսյանը նշեց, որ հոկտեմբերի 12-ին ոլորտների մասնագետների հետ ստեղծել են աշխատանքային պլան, և էկոնոմիկայի նախարարության հետ իրականացվել է հետազոտություն՝ ինչ կենդանիներ են գալիս Հայաստան և որքան:

«Սկսել ենք առաջին հերթին դաբաղ հիվանդության պատվաստումից: Ինչպես նաև արյուն ենք վերցնում՝ բրուցելոզ հիվանդության նկատմամբ ստուգում իրականացնելու համար: Մեր համատեղ և օպերատիվ միջոցառումները թույլ տվեցին զերծ մնալ անասնահամաճարակներից: Այս պահի դրությամբ որևէ հիվանդ կենդանի չունենք»,- նշեց Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ հուլիսից Երևանում սպանդանոցային ծագման միս է վաճառվել, այդ առումով խնդիրն այստեղ լուծված կարելի է համարել, բայց գոյություն ունի բակային, չգրանցված վաճառք:

«Դա մեր վերահսկողությունից դուրս է, և մենք իրավասություն չունենք վերահսկողություն իրականացնելու: Դրա համար միշտ կոչ ենք անում՝ փողոցում, մեքենաների թափքից վաճառվող միս չգնել»,- նշեց Ավետիսյանը: