Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը գտնվելու է Ադրբեջանի տարածքում. ՌԴ ՊՆ |1lurer.am|
18:42 - 01 դեկտեմբերի, 2020

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը գտնվելու է Ադրբեջանի տարածքում. ՌԴ ՊՆ |1lurer.am|

1lurer.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմի տեղակայման ու աշխատանքների վերաբերյալ տեղեկագիր է ներկայացրել ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Խաղաղապահ ուժերի ռուսական զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում իրավիճակի վերաբերյալ շուրջօրյա մշտադիտարկումը: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների և ՀՀ Վարչապետի եռակողմ հայտարարության համաձայն՝ ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանը փոխանցվել է ադրբեջանական կողմին: Ռուս խաղաղապահները վերահսկում են Լաչինի՝ 5 կմ լայնությամբ միջանցքը: Այն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, մարդկանց անվտանգ վերադարձը նրանց բնակավայրեր և քաղաքացիական տրանսպորտի շարժը:

ՌԴ խաղաղապահ զորակազմի զինծառայողները Ստեփանակերտի Զորգեի փողոցը, Շուշի-Լիսագոր ուղղությամբ էլեկտրահաղորդալարերի և գազատարի երկայնքով գտնվող հատվածը մաքրել են պայթուցիկ սարքերից:

Օրվա ընթացքում մաքրվել է ավելի քան 5 հա տարածք, 2 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 109 պայթուցիկ սարք, որոնք տեղափոխվել են հատուկ սարքավորված զինափորձարան և ոչնչացվել:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 34 հա տեղանք, մոտ 12 կմ ճանապարհ, ստուգել են ավելի քան 110 տուն և սոցիալական օբյեկտներ, հայտնաբերել և վնասազերծել են 1077 պայթուցիկ սարք:

Ռուս խաղաղապահները վերանորոգող բրիգադներին օգնում են Լեռնային Ղարաբաղում վերականգնել կենսական նշանակության ինժեներական հաղորդակցությունները:

Մեկ օրում վերականգնվել է ավելի քան 2.5 կմ կապուղի, 1.5 կմ գազատար, 1 կմ էլեկտրահաղորդալար, էլեկտրահաղորդման չորս սյուն և մեկ տրանսֆորմատորային ենթակայան:

ՌԴ ՊՆ հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ռազմական բժիշկ-մասնագետների ռուսական բրիգադը խորհրդակցություններ է անցկացրել և մասնագիտացված բժշկական օգնություն է ցուցաբերել Խնապատի բնակավայրի 67 բնակիչների, այդ թվում՝ 11 երեխաների:

Ռուսաստանի խաղաղապահ ուժերի և ԿԽՄԿ-ի համաձայնեցմամբ` շարունակվում են զոհերի մարմինների որոնումն ու փոխանակումը:  

ՌԴ-ի ու Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև 2020-ի նոյեմբերի 11-ին ստորագրած հուշագրի համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղակայման և շահագործման կարգի վերաբերյալ: Կենտրոնը գտնվելու է Ադրբեջանի տարածքում:

Միասնական կենտրոնի կազմակերպչական կառուցվածքում ռուս և թուրք անձնակազմի թիվը հավասար է լինելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել