14 մարդ թունավորման ախտանիշներով դիմել է Նոյեմբերյանի ԲԿ. պատճառը ջուրն է. ԱԱՏՄ
18:55 - 05 հունվարի, 2021

14 մարդ թունավորման ախտանիշներով դիմել է Նոյեմբերյանի ԲԿ. պատճառը ջուրն է. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով՝ ջրի որակին ներկայացվող պահանջների խախտումների պատճառով շտապ դադարեցվել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի Ջուջևան բնակավայրը սնուցող աղբյուրներից մեկի ջրամատակարարումը։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից։ «Նախորդիվ Ջուջևան, Կոթի, Բաղանիս, Ոսկևան, Կողբ գյուղերից 14 մարդ թունավորման ախտանիշերով, աղիքային գանգատներով դիմել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղից 8-ը դուրս է գրվել, 6-ը շարունակում է ստանալ բուժօգնություն։

ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ից ԱԱՏՄ-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ նրանց օգտագործած ջրից կատարվել է նմուշառում, փորձաքննության արդյունքները ցույց են տվել ջրի որակի շեղումներ։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել ջրի անվտանգության ապահովման ուղղությամբ։

Ըստ այդմ, ԱԱՏՄ Իջևանի բաժնի պետ-տեսուչ Վիլյամ Օհանյանի գլխավորությամբ, դադարեցվել է այն աղբյուրի ջրամատակարարումը, որից օգտվել են առողջական գանգատներով հիվանդանոց դիմած քաղաքացիները, և որից ջուր է մատակարարվում Ջուջևան համայնքի շուրջ 60 ընտանիքի։ Բացահայտվել է աղբյուրի հավանական աղտոտման վայրը և աղտոտման պատճառը, ինչի վերացման ուղղությամբ հրատապ աշխատանքներ են տարվում Նոյեմբերյանի համայնքապետարանի կողմից։

Վերջինից ԱԱՏՄ-ն տեղեկացել է, որ ձեռնարկվող քայլերի շրջանակում փոխվում են ջրահեռացման խողովակները և վերացվում է ջրի աղտոտման հնարավոր պատճառը։ Հաջորդիվ կտարվեն մանրէազերծման աշխատանքներ, կարվի ջրի կրկնակի նմուշառում։

ԱԱՏՄ-ն հետևում է տարվող աշխատանքների ընթացքին և միայն ջրի որակին ներկայացվող պահանջներից շեղումները վերացնելու դեպքում կտա ջրամատակարարումը վերականգնելու թույլտվություն։ Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման քայլերը ԱԱՏՄ-ն օպերատիվ կերպով իրականացնում է նաև ոչ աշխատանքային օրերին»,- ասված է ԱԱՏՄ հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել