tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե Եվրամիությունը խնդիրներ է ցանկանում Մինսկի դեմ պատժամիջոցների պատճառով, ապա նա դրանք կստանա, միևնույն ժամանակ նա վարչապետ Ռոման Գոլովչենկոյին հանձնարարել է իր համար տեղեկատվություն պատրաստել հանրապետությունում Եվրամիության խոշոր նախագծերի և ձեռնարկությունների մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Երեքշաբթի Լուկաշենկոն զեկույցով ընդունել է Գոլովչենկոյին. հանդիպման տեսանյութը տեղադրել է նախագահի մամուլի ծառայությանն առնչվող «Пул первого» տելեգրամյան ալիքը:

«Ես պարզապես կասեմ, որ հասկանաք. եթե եվրոպացիները ցանկանում են խնդիրներ ունենալ այս պատժամիջոցների հետ կապված, նրանք կստանան դրանք: Ես Ձեզ խնդրում եմ` տեղեկացրեք ինձ մեր երկրի ամենամեծ եվրոպական նախագծերի և Բելառուսի տարածքում հիմնադրված ձեռնարկությունների մասին:  Կնայենք նրանց աշխատանքին: Բայց գլխավորն այն է, որ ոչինչ անպատասխան չմնա»,-ասել է Լուկաշենկոն: